Բավ է պառակտվել
04-04-2015 16:29

Նախագահը ներկա է գտնվել ՀԲԸՄ կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացման արարողությանը: Միության բարեսիրական, մշակութային, կրթական ու երիտասարդական ծրագրերն ընդլայնելու, ինչպես նաև հայրենական նոր ծրագրերի իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար միությունը 2010թ. սկիզբ էր դրել նոր շենքի կառուցման ծրագրին՝ մայրաքաղաքի Մելիք-Ադամյան փողոցում, ՀՀ կառավարության շենքի հարևանությամբ:

Շրջայցի ընթացքում Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ ՀԲԸՄ նորակառույց շենքը զբաղեցնում է շուրջ 1300 մ/ք տարածք, որի վրա բարձրացել է հինգ հարկանի ժամանակակից շենք՝ գրասենյակային բոլոր հարմարություններով, նիստերի դահլիճներով, ցուցասրահներով ու ստորգետնյա ավտոկայանատեղիով: Պատասխանատուների հավաստմամբ, ժամանակակից շինարարական լուծումների կիրառման ու հին ճարտարապետության պատմամշակութային առանձնահատկությունների անխաթար պահպանման զուգորդմամբ վերականգնվել է նախկինում այնտեղ եղած շենքի հորինվածքը: Նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքաշինական այնպիսի պահանջների բավարարմանը, որով պահպանվել են Երևանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը: Միության ղեկավարության համոզմամբ, Երևանի կենտրոնում բացված ՀԲԸՄ շենքը հնարավորություն կտա ընդլայնել միության կրթական, մշակութային և երիտասարդական տարաբնույթ ծրագրերը՝ դառնալով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման նոր օջախ: