Բավ է պառակտվել
05-04-2016 17:24

ՀՀ նախագահը մանսակցել է Արցախում զոհված Սասուն Մկրտչյանի հողարկավորթյանը

Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ: Այս մասին, այսօր  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահը ցավակցության եւ զորակցության խոսք է ասել հուղարկավորության արարողության ժամանակ՝ նշելով.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Սասուն Մկրտչյանի հարգելի՛ ծնողներ, հարազատներ, ընկերներ,

Այսօր մենք դեպի անմահություն ենք ճանապարհում հայ զինվորին: Զինվոր, ով իր անունը փառքով պսակեց, զինվոր, ով փառքով պսակեց իրեն ծնած ընտանիքին: Մենք այստեղ ենք, որպեսզի գլուխ խոնարհենք Սասուն Մկրտչյանի եւ մեր մնացած նահատակների սխրագործության առաջ:

Բոլոր նրանք, ովքեր վիճում են կամ կասկածում, թե այդ ինչպես եղավ, որ հայ ժողովուրդը հասավ մինչեւ 21-րդ դար այս բարդ տարածաշրջանում, պետք է հասկանան, որ պատասխանն այստեղ է՝ այստեղ հանգչող նահատակների գիտակցության մեջ, նրանց շուրթերին: Գիտակցված մահն անմահություն է: Մենք կռվել ենք, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր ընտանիքը, մեր ինքնությունը: Եվ մեր այսօրվա լինելիությունն այս տարածաշրջանում ամենախոսուն ապացույցն է, թե մենք ինչպես ենք կարողանում կռվել: Հայ ժողովրդի աչքի առաջ մի քանի անգամ փոխվել է այս տարածաշրջանի էթնիկ ու կրոնական կազմը: Ով ասես եկել, ով ասես գնացել է, էլի են գալու ու գնալու են, բայց մենք եղել ենք, կանք ու լինելու ենք, որովհետեւ մենք գիտենք հավերժ ապրելու բանաձեւը:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, հայ ժողովրդի համար հերթական փորձություն է, որ այս անգամ մեր վզին է փաթաթում Ադրբեջանի ղեկավարությունը: Վստահ եմ, որ մենք պատվով ենք հաղթահարելու այս մարտահրավերը եւս: Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժը Արցախի եւ Հայաստանի նոր սերնդից ճառագող լույսի մեջ է, եւ այդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռունցք, որ իջնելու է մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին:

Այսօր մեր մտքերը մեր սահմանին կանգնած զինվորների ու սպաների հետ են: Մեր հոգիները ցավում են ամեն մի անմահացման դեպքում, բայց մեր սրտերը գոտեպնդվում են մեր հերոսների վարքով, մեզ հաղորդում վճռականություն, հաստատակամություն: Մենք այսօր դարձել ենք մեկ մարդ, եւ այդ միասնությունը սնուցելու է մեր ապագա սերնդին: Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք աշխարհի արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր Հայրենիքը:

Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո եւ քո ընկերների սուրբ գործը: Հանգչի՛ր խաղաղությամբ, Հայրենիքի զինվոր»:

Նշենք, որ 26-ամյա Սասուն Մկրտչյանը երեւանցի էր, կամավոր ծառայության էր մեկնել մոտ 4 տարի առաջ: Ինչպես նրա զորամասի հրամանատարի անձնակազմի տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Դանիելյանն էլ շեշտել, Սասունը պարտաճանաչ եւ ընկերասեր զինծառայող էր, զորամասի լավագույններից մեկը: Զոհված զինծառայողի հարազատներն էլ ընդգծում են, որ իրենք գլխիկոր չեն, քանի որ Սասունը հերոսաբար է զոհվել: 26-ամյա հետախույզը զոհվել է՝ հակառակորդին պատժիչ հարված տալու ժամանակ՝ մարտական խնդիր կատարելիս: