Բավ է պառակտվել
05-03-2015 12:01

Արժանի լինեք Վազգեն Սարգսյանի հիշատակին և պատգամներին.ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի եւ «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման արարողության կապակցությամբ:

««Պատանի երկրապահ» ակումբի սիրելի՛ սաներ,

Շնորհավորում եմ ձեզ երդման արարողության եւ ձեր կյանքի գեղեցիկ ու նշանակալի այս օրվա առթիվ: Հայրենիքի պաշտպանությանը ծառայելու ձեր ուխտը սրբազան է, եւ ապագա ունի ձեզ նման պատանիներ ունեցող երկիրը: Երկրապահ կամավորական միությունը ծնունդն էր այն կամավորական շարժման, որ ծավալվեց Արցախում, Հայաստանում եւ ողջ աշխարհում, որտեղ հայ կար: Սա հայության արձագանքն էր մեզ պարտադրված պատերազմին եւ հետեւանքը՝ կանոնավոր բանակի բացակայության:

Սիրելի՛ պատանիներ,

Հիշե՛ք, կամավորների սխրանքն անմահ է: Նրանք իրենց նվիրվածությամբ, նաեւ կյանքի գնով լրացրեցին պետական զինված ուժերի բացակայությունը: Նրանք տվյալ պատմական պահին արեցին անհնարինը, իրենց արյամբ գնեցին այն թանկարժեք ժամանակը, որ անհրաժեշտ էր կանոնավոր բանակ ստեղծելու համար: Նրանք նաեւ դարձան այդ բանակի հիմքը: Հիշե՛ք նաեւ, որ դուք այլեւս չեք լինելու «կամավորականներ»: Դուք Հայաստանի Հանրապետության վաղվա զինվորներն ու սպաներն եք: Անկախ նրանից, թե կյանքի ինչ ուղի կընտրեք, համոզված եմ, որ դուք լինելու եք մեր երկրի արժանավոր քաղաքացիներ:  Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է՝ խորհրդանշական օր եւ գեղեցիկ առիթ, որ բոլորս երախտագիտությամբ հիշենք եւ շնորհավորենք Սպարապետին ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ ձեր աշխատասիրությամբ, նվիրումով եւ կեցվածքով արժանի լինեք Վազգեն Սարգսյանի հիշատակին եւ պատգամներին»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: