Բավ է պառակտվել
16-05-2015 08:11

Հայկական արտադրությունը դրսում նախընտրելի է որակի համար.Ս.Կարաետյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն  Կոտայքի մարզ այցելել է Նոր Գեղի համայնքում գտնվող «Պրոգրես Ագրո» ՍՊԸ-ի վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն և ներկա է գտնվել ջերմոցային տնտեսության բացման արարողությանը։ Ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց կառուցած առաջին ջերմոցը վարունգի արտադրություն է, սակայն նախատեսել են նաև լոլիկի, պղպեղի ջերմոցներ կառուցել. արդեն սկսվել են շինարարական աշխատանքները։ Ըստ նրա՝ մինչև տարեվերջ նախատեսվում է հինգ այսպիսի ջերմոց կառուցել՝ մոտավորապես 20 հեկտար ընդհանուր մակերեսով: Ս.Կարապետյանն ասաց, որ վարունգի առաջին բերքը կհավաքեն տասն օրից, որից հետո բերքը կարտահանեն Ռուսաստանի Դաշնություն. «Եթե կարիք լինի, նաև Հայաստանի շուկայում կիրացնենք: Հայկական արտադրությունը դրսում նախընտրելի է որակի համար։ Կարելի է ասել՝ հայկական բոլոր մթերքները տարբերվում են իրենց համով, հոտով, իրենք էլ մեր նման հայ են»,-ասաց նա։ 

Անդրադառնալով աշխատատեղերին, Ս.Կարապետյանը նշեց, որ ունեն 70 աշխատող, սակայն հուսով են, որ մինչ տարեվերջ 500 աշխատատեղ կունենան: Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը նշեց, որ աշխատատեղերի բացումը նպաստում է արտագաղթի թվի նվազմանը, թեև իրենց համայնքում այնքան էլ մեծ չէ արտագաղթողների թիվը։ «Կային մարդիկ, ովքեր պետք է գնային արտերկիր աշխատելու, սակայն ջերմոցի բացվելուց հետո չեն գնացել, քանի որ սկսած շինարարական աշխատանքներից՝ մինչև հիմա, երբ չորս հեկտար հանձնվել է շահագործման, որտեղ արդեն բարձր որակի վարունգ են արտադրում, աշխատանք են ունեցել»,-ասաց նա՝ հավելելով, որ Նոր Գեղի համայնքն ունի 1500 տնտեսություն, 6500 բնակիչ։ Նշենք, որ ջերմատնային տնտեսությունը կառուցվել է ֆրանսիական «Ռիշել» ընկերության նորագույն տեխնոլոգիաներով և կազմում է 4.36 հա, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014 թվականից և ներդրվել է շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմում է 135.000 դրամ։