Բավ է պառակտվել
07-05-2015 08:46

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան (լուսնկարներ)

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին Վաշինգտոնում այցելել է Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան: Թանգարանի տնօրենը Հանրապետության Նախագահին շրջայցի ժամանակ ծանոթացրել է ներկայացված ցուցադրանյութին: Շրջայցից հետո Սերժ Սարգսյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում. «Խորապես ազդված եմ տեսածից: Սա մի վայր է, որն իր պատերի ներքո ամփոփում է խորը թախիծ և միաժամանակ հույսի մեծ շող՝ շեշտադրելով անցյալին առերեսվելու առավելությունն ընդդեմ անցյալի ժխտման և քողարկման: Սա մի անգնահատելի ներդրում է՝ որպես ապահով ապագայի լուռ, բայց խոսուն երաշխավոր:

Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները, ինչպիսիք են Հոլոքոստին նվիրված այս հուշահամալիր-թանգարանը, Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ոչ միայն զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար են, ոչ միայն վերապրածների հիշողությունների խտացված ամփոփումներն են, այլ նաև հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որպեսզի միշտ վառ պահեն անցյալի դառը հիշողությունները՝ դրանցից դասեր քաղելու և դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար»,-գրառել է ՀՀ Նախագահը: