Բավ է պառակտվել
22-04-2015 14:14

Սերժ Սարգսյանը գլոբալ ֆորումի համատեքստում դիտել է ցեղասպանության թեմայով ցուցադրություն

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիտել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի համատեքստում 2015թ. ապրիլի 22-23-ին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացրած «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:Գրադարանում առկա Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրական, գեղարվեստական, պատմական, վերլուծական, հրապարակախոսական բնույթի շուրջ 3 հազար անուն գրքերից ցուցադրված է աշխարհի 37 երկրներում 23 լեզուներով հրատարակված ավելի քան 900 միավոր գրականություն՝ տարբեր ժամանակագրական շեշտադրումներով: Ցուցահանդեսի տաղավարում շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ ցուցադրության շրջանակում առանձնացված են գրքեր, որոնք ակնառու են իրենց եզակիությամբ, ներառում են Հայոց ցեղասպանության մասին առաջին անդրադարձները, ներկայացնում են օտարազգի հայտնի գործիչների, ականատեսների, նրանց ժառանգների հիշողությունները կամ վերլուծական պատկերացումները կատարված ողբերգության վերաբերյալ: Գրքերի գեղարվեստական, գաղափարական, աղբյուրագիտական արժանիքները գնահատվել են տարբեր ժամանակահատվածներում, իսկ նրանց հեղինակների ներդրումը ցեղասպանության ճանաչման գործում անգնահատելի է:

Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ցուցադրված գրքերի հեղինակներից, ովքեր Հանրապետության Նախագահին ներկայացրել և նվիրել են իրենց աշխատանքները:Հանրապետության Նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բացման նիստի նախագահող Լուիզ Մորենո-Օկամպոյի և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնի հետ այցելել է նաև «Ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված են ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, ինչպես նաև տարբեր հակամարտությունների, մարդկային ողբերգությունների պատճառ դարձած բռնությունների թեմայով աշխարհի լավագույն 8 լուսանկարիչների աշխատանքները, ովքեր այսօր էլ աշխատում են աշխարհի ամենավտանգավոր կետերում: Նրանց թվում է հայտնի լուսանկարիչ Յան Գրարուպը, ում աշխատանքները Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների մասին ներկայացվում են որպես այդ հանցագործությունների անհերքելի փաստարկներ: Լուսանկարիչներն իրենց աշխատանքները հրապարակայնացնում են հույսով, որ դրանցում արտացոլված՝ մարդկության դեմ գործված սարսափելի ոճրագործություններն այլևս երբեք չեն կրկնվի: