14-10-2016 10:05

Նախագահը հանձնարարականներ տվել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել ՀՀ պատկան մարմիններին:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Դեպքից կարճ ժամանակ անց պատկան մարմինների կողմից ՀՀ Նախագահին զեկուցվել է, որ այսօր վաղ առավոտյան 04.30-ին Բեսլան-Վլադիկավկազ շրջանցային մայրուղու վրա տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Բախվել են Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսն ու ավտոտարը։ Նախնական տվյալներով ավտովթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 27 մարդ։

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարվել է ՀՀ կառավարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով: Միաժամանակ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար:

ՀՀ իրավասու մարմիններին հանձնարարվել է կարճ ժամկետներում, ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցելով, բացահայտել վթարին առնչվող հանգամանքները և պատճառները, ներկայացնել համապարփակ տեղեկատվություն:

Նախագահին զեկուցվել է նաև, որ Ռոստովում և Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն արդեն գտնվում է դեպքի վայրում և Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ զբաղվում է առաջին օգնության ցուցաբերման հարցերով: