Բավ է պառակտվել
14-05-2015 11:48

Բոլոնիայի գործընթացը մեծ ներդրում է ունեցել աշխարհի այլ տարածաշրջանների կրթական բարեփոխումների համար. ՀՀ. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի բացմանը:
Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով:
 
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովում
 
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության անունից ողջունելու ձեզ Եվրոպական կրթական տարածքի համար իսկապես կարևոր այս միջոցառման շրջանակներում:
Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները: Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը և ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն: Պարզ է նաև, որ առանց համակարգային հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթական միջավայրում: Հայաստանը, 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձևավորեց Եվրոպական տարածքի հետ և ստացավ նոր մեխանիզմներ՝ լավագույնս կիրառելու միջազգային փորձառությունը:
Այս ամենով հանդերձ՝ առկա տնտեսական և սոցիալական խնդիրները լուրջ մարտահրավերներ են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համար, որտեղ ընդհանուր նպատակները ենթադրում են համատեղ ջանքերի ներդրում և ակտիվ ներգրավվածություն: Զարգացող հասարակությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա շրջանում առավել քան կարևորվում է համադրելի չափորոշիչների կիրառումը՝ բարելավելու աշխատաշուկայի արդի պահանջները, ինչպես նաև կրթական ոլորտի շահառու կողմերի արդյունավետ համագործակցությունը:
Եվրոպական կրթական համակարգը, հանձինս Բոլոնիայի գործընթացի, մեծ ներդրում է ունեցել աշխարհի այլ տարածաշրջանների կրթական բարեփոխումների համար՝ կրթական տարբեր ծրագրերի, քաղաքական և ինստիտուցիոնալ երկխոսության միջոցով: Հայաստանյան կրթական համակարգի համար կարևոր ձեռքբերումներից է 2012 թվականին Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը Երևանում, որը պատասխանատու, միաժամանակ պատվաբեր պարտականություն է: Այն Եվրոպական կրթական արժեհամակարգի փորձառությունը կիսելու և Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններն այս գործընթացին լավագույնս ինտեգրելու հնարավորություն է:
Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ թե՛ որակի եվրոպական չափանիշների կիրառման, թե՛ ուսանողների շարժունության առումով: Հայաստանյան կրթական մշակույթը, որը սկիզբ է առել հնագույն ժամանակներից՝ որպես իր դարավոր պատմության անքակտելի մաս, մշտապես աշխարհին է ներկայացել իր նվաճումներով:
Հայ ժողովուրդն առանձնահատուկ ակնածանք ունի գիտելիքի և ուսման նկատմամբ։ Գուցե այն պատճառով, որ իր հազարամյա պատմության ընթացքում, երբ կողոպտվել, թալանվել ու հալածվել է, միակ արժեքը, որը չեն կարողացել խլել նրանից և որը լուսավորել է իր դժվարին ուղին, եղել է հենց գիտելիքը, հարյուրամյակների ընթացքում կերտած հոգևոր և մշակութային ժառանգությունը։ Եվ պատահական չէ, որ անգամ Հայոց ցեղասպանության ամենածանր օրերին հայ մարդը գրքեր է փրկել։ Այլապես այսօր մենք չէինք ունենա Մատենադարան, որը հայ ժողովրդի հարատևության գրավականն է։
Մեզ համար մեծ հպարտություն և միաժամանակ պարտավորեցնող է այն, որ այսօր նորովի է արժևորվում համաշխարհային գիտության, արվեստի, աստվածաբանության զարգացման մեջ հայ ժողովրդի ստեղծագործ մտքի ներդրումը. վերջին նման հրաշալի իրադարձությունը Հռոմի Պապի կողմից միջնադարյան մտքի հայ հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսի շնորհումն էր՝ մի տիտղոս, որը կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում միայն 36 մեծագույն մտածողների է շնորհվել։

Հարգելի՛ բարեկամներ,
Շարունակելով կրթական սեփական ավանդույթները՝ այսօր անհրաժեշտ է ունենալ շփման և հաղորդակցման համար դյուրին և համահունչ գործիքներ ամբողջ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում: Այս առումով Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները լավագույնս աջակցել են ուսանողակենտրոն համակարգի ստեղծմանը և բոլոր այն ներդրումներին, որոնք հնարավորություն կտան այսօրվա երիտասարդ սերնդին ավելի պատրաստ և մրցունակ լինել արդի մարտահրավերներին: Թերևս ոչ բոլոր արգելքներն են հաղթահարված, սակայն այս ձեռքբերումները և գլոբալ նպատակներին հասնելու ցանկությունը ենթադրում է համագործակցային նոր ազդակներ և երկխոսության առավել ակտիվ մակարդակ:
Կրթությունն ինքնանպատակ չէ, այն կոչված է ծառայելու համամարդկային արժեքներին ու նպատակներին: Այսօր 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհում դեռևս ականատես ենք բազմաթիվ ահաբեկչական գործողությունների, բռնությունների և պատերազմների:
Մարդկային բանականության և արժեհամակարգի տկարությունը անխուսափելի է դարձնում նման անընդունելի դրսևորումները: Հետևաբար` հոգևոր, գիտական և մշակութային բովանդակության վրա հիմնված կրթությունը պետք է միտված լինի մարդկային ռեսուրսի բնականոն զարգացմանը՝ ամենալայն համատեքստում:
Հարգելի՛ ներկաներ,
Այս տարին Հայաստանի, հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար յուրահատուկ տարի է` մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը և փորձում կառուցել ավելի անվտանգ միջավայր մարդկանց և ժողովուրդների համար: Մենք ասում ենք «այլևս երբեք»՝ այլևս երբեք չի կարելի թույլ տալ նման հրեշավոր հանցագործությունների կրկնություն, պետք է բացառել դրանք ծնող միջավայրի ձևավորումը, փոխել մարդկության և քաղաքակիրթ գոյակցության մասին համընդհանուր պատկերացումները, հրամայականները, այլատյացությունից զերծ հասարակություններ զարգացնել: Ակնհայտ է, որ այս հարցում շատ մեծ է հենց կրթության դերը, այն առաքելությունը, որն իրականացնում եք դուք բոլորդ, հարգելի՛ ներկաներ:
Օգտվելով առիթից՝ կրկին ողջունում եմ ձեզ և հաջողություն մաղթում Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին: Վստահ եմ, որ Երևանում ձեր կողմից կայացվելիք կարևոր որոշումները դրական ազդեցություն կունենան Եվրոպայի միլիոնավոր ուսանողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթության բոլոր շահառուների վրա՝ ստեղծելով առաջընթացի, տնտեսական զարգացման և կայունության նոր հիմքեր:
Շնորհակալություն: