Բավ է պառակտվել
11-05-2015 14:19

Ադրբեջանը խուսափում է ՀՀ-ում սկաուտական շարժման սեմինարին մասնակցությունից. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը՝ շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային սկաուտական շարժման ներկայացուցիչները և Համաշխարհային կոմիտեի անդամները, ովքեր Հայաստանում ս.թ. մայիսի 6-11-ը անցկացնում են Համաշխարհային սկաուտական շարժման «Եվրասիա» տարածաշրջանի սկաուտական կոմիտեի նիստը:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, կարևորել սկաուտության առաքելությունն ու շարժման կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված պետությանն արժանի, կրթված և ճիշտ արժեքներ կրող, ֆիզիկապես և հոգեպես առողջ սերնդի դաստիարակությանը: Ընդգծելով, որ Հայաստանում երեխաների և երիտասարդների շրջանում նման կրթադաստիարակչական աշխատանքներ իրականացնող այլ կազմակերպություններ էլ կան, Սերժ Սարգսյանը նշել է, որ որքան շատ լինեն այդպիսի շնորհակալ աշխատանքով զբաղվող կառույցները, այնքան կշահեն պետությունն ու հասարակությունը: Հանրապետության Նախագահը կարևորել է սկաուտական միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ Հայաստանի ազգային սկաուտական շարժման սերտ համագործակցությունն ու տարիներ շարունակ հետևողականորեն համահայկական և միջազգային միջոցառումների կազմակերպումը, որը, Նախագահի համոզմամբ, համագործակցության, փորձի փոխանակման, ջերմ ու բարեկամական հարաբերությունների ձևավորման տեսանկյունից ևս չափազանց կարևոր է:

Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած 1989 թվականից գործող Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը 1997 թվականից է դարձել Համաշխարհային սկաուտական շարժման լիիրավ անդամ, այդուհանդերձ, կազմակերպությունը հանդիսանում է դեռևս 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում հիմնված Հայ մարմնակրթական ընդհանուր միության ավանդույթների կրողն ու շարունակողը:

Ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Համաշխարհային սկաուտության կողմից նախաձեռնած «Խաղաղության սուրհանդակներ» ծրագրին՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու տարածմանը և շեշտել, որ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ձգտող Հայաստանի համար դա չափազանց կարևոր ծրագիր է: Նախագահի համոզմամբ, Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում այսօր անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված մարտահրավերների առկայության պայմաններում նման նախաձեռնություններն առավել քան կարևոր են և արդիական: Նախագահը ներկայացրել է Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և ընդգծել, որ Հայաստանն անում է ամեն հնարավորը՝ վստահության ստեղծման, կառուցողական բանակցությունների անցկացման համար: Այդ նպատակով մեր երկիրը նաև մասնակցում է Ադրբեջանում անցկացվող միջազգային կամ տարածաշրջանային տարբեր միջոցառումների, մինչդեռ Ադրբեջանը խուսափում է Հայաստանում այդպիսի միջոցառումներին՝ անգամ սկաուտական շարժման ապաքաղաքական սեմինարին մասնակցությունից: Նախագահը նշել է, որ բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պետականորեն ջանքեր են գործադրվում երիտասարդների ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծման համար: Հանդիպմանը սկաուտական շարժման գլխավոր քարտուղարը և բոլոր մասնակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հյուրընկալության և Հայաստանում սկաուտական շարժմանը ցուցաբերած աջակցության ու մշտական ուշադրության համար, նշել, որ հաջորդ տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված է անցկացնել ևս մեկ մեծ միջոցառում՝ տարածաշրջանային համաժողով: Սկաուտական շարժման մասնակիցները հույս են հայտնել, որ Նախագահը միջոցառման շրջանակներում կհյուրընկալվի Բյուրականի սկաուտական բանակավայրում: