Բավ է պառակտվել
29-04-2015 10:52

ԼՂՀ նախագահը հայտարարել է ՀՀ-ին միանալու ցանկության մասին

Արգենտինական «Clarin» խոշորագույն թերթերից մեկը հրապարակել է լրագրող Մարսելո Կանտելմիի հարցազրույցը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հարցազրույցում նախագահը բարձրաձայնել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքվաճառելու հարցերը: «Մենք ձգտում ենք միանալ Հայաստանին: Մենք ապրում ենք այդ ցանկությամբ: Սակայն պահը դեռ չի հասունացել», - նշել է Սահակյանը: Նա նաև խոսել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, նծելով, որ չգիտի, թե արդյո՞ք Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել Ադրբեջանին, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում ղարաբաղյան ուժերին: «Մեր սպաները պարբերաբար վերապատրաստվում են իրենց ռուսաստանցի գործընկերների հետ: Մեզ անհանգստացնում է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև այլ հարևան և ոչ հարևան երկրները, այդ թվում նաև Իսրայելը, որոնք կարող են զենք վաճառել բացառապես վտանգավոր մի երկրի», - նշել է նախագահը: Լրագրողը նաև ԼՂՀ նախագահի կարծիքն է հարցրել այն ֆուտբոլային ակումբների մասին, որոնց խաղացողները իրենց վերնաշապիկներին գրում են «Ադրբեջան» բառը, ինչպես, օրինակ, մադրիդյան «Ատլետիկո»-ն: «Նույն առաջարկը արվել է «Սան Լորենցո»-ին, սակայն այդ ակումբը հրաժարվել է առաջարկից», - ասել է լրագրողը: Իր հերթին Սահակյանը համոզմունք է հայտնել, որ եթե ակումբը տեղյակ լիներ, որ ֆաշիստական երկիր է գովազդում, որում ոտնահարվում են մարդու իրավունքները, ապա կդադարեր անել դա: Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսին լրագրող Մարսելո Կանտելմին հայտնվեց Ադրբեջանի սև ցուցակում, և նրան արգելված է մուտք գործել այդ երկիր: Բացի այդ ամեն անգամ, երբ նա Արգենտինայում հայկական թեմայով հոդված է գրում, Ադրբեջանի դեսպանությունը սկսում է ճնշում գործադրել թերթի խմբագրության վրա՝ պահանջելով խմբագրել նրա հոդվածները: