Բավ է պառակտվել
28-05-2015 09:53

ԼՂՀ նախագահը շնորհավորել է հայրենակիցներին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ: Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որն անցել է հարուստ ճանապարհ և հասել մինչև մեր օրերը: Դժվարին ու բարդություններով լի այդ ճանապարհը մեր ժողովուրդը պատվով է անցել ՝ կենդանի պահելով իր լեզուն ու մշակույթը, ազգային արժանապատվությունն ու ավանդույթները և, որ ամենակարևորն է, անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը: Այդ երազանքն իրականություն դարձավ 1918 թվականին` Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմամբ, երբ հայը կրկին վստահեց սեփական ուժերին և տեր կանգնեց իր հողին ու ջրին: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն այն ժամանակ արդեն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար: Առաջնորդվելով քաջ հայորդիների գաղափարախոսությամբ և շարունակելով նրանց գործը` մենք կարողացանք հաղթանակ արձանագրել արցախյան ազատամարտում և վերածնել հայոց անկախ պետականությունը:

Այսօր հայն աշխարհին է ներկայանում հայկական երկու պետություններով և Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ, որը մեր բոլոր հաջողությունների հիմնական գրավականն է: Դասեր քաղելով անցյալից` հայ ժողովուրդն այսպես միասնական ու համախմբված պետք է շարունակի իր ճանապարհը` դեպի պայծառ ու լուսավոր ապագա:

Թանկագին հայրենակիցներ,

 Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: