08-10-2015 16:28

Նախագահը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2700-ամյակին նվիրված միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Էջմիածին քաղաքում մասնակցել է քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2700-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին. Հանրապետության Նախագահն այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ ներկա է գտնվել Վ.Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը, ծաղկեփունջ դրել Սպարապետի հուշարձանին: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Նախագահն այնուհետև այցելել է քաղաքի սպորտային համալիրի շինհրապարակ, մասնակցել համալիրի հիմնարկեքի արարողությանը, որից հետո ծանոթացել է մարզադպրոցի կառուցման և տարածքի բարեկարգման նախագծերին: Էջմիածնի 2700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաև քաղաքի նոր վերանորոգված Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց: Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դրա արդյունքում ուսումնական հաստատությունում 300 աշակերտի համար ստեղծված պայմաններին: Հանրապետության Նախագահն այնուհետև հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքի բնակիչների, բազմաթիվ հյուրերի, Էջմիածնի պատվավոր քաղաքացիների հետ միասին մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: