Բավ է պառակտվել
27-01-2015 11:13

Ցեղասպանության զոհերին մոռացության մատնելը այդ ոճրագործության փուլերից է.ՀՀ նախագահ

Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հիրավի, մարդկության պատմության ամենադաժան եւ ողբերգական էջերից մեկն է: Այս մասին ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ուղերձում։

Ուղերձում նաեւ ասվում է.

«Հունվարի 27-ը, որը խորհրդանշում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրումը, Հոլոքոստի չարիքին վերջ դնելու կարեւորագույն հանգրվաններից եղավ: Հոլոքոստի զոհերի ոգեկոչումը եւ այդ եղեռնագործության դատապարտումը արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում շարունակում են գլուխ բարձրացնել ազգային, ռասայական, կրոնական հողի վրա հիմնված ատելության եւ անհանդուրժողականության ամենատարբեր դրսեւորումները, քանի դեռ չի վերացել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կրկնության սպառնալիքը: Աներկբա ճշմարտություն է, որ ցեղասպանությունների զոհերին մոռացության մատնելը եւ ժխտողականությունը՝ հատկապես պետական մակարդակով, այդ ոճրագործության փուլերից մեկն է: Այն կրկնակի հանցանք է ոչ միայն անմեղ զոհերի, այլեւ ներկայի ու ապագայի հանդեպ: Թերեւս հնարավոր լիներ կանխել Երկրորդ համաշխարհային պատերազմի քողի ներքո իրականացված ոճրագործությունները, եթե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մարդկության դեմ իրականացված հանցագործությունները միջազգային լիարժեք դատապարտման արժանանային, իսկ դրանց պատասխանատուները կրեին արժանի պատիժ: Վերստին խոնարհվելով Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակի առջեւ՝ ցանկանում եմ զորակցություն եւ համերաշխություն հայտնել հրեա ժողովրդին, Հայաստանի հրեական համայնքին: Հայ ժողովուրդը, որն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, առավել քան հաղորդակից է հրեա ժողովրդի ցավին: Վերահաստատում եմ մեր հանձնառությունը համատեղ պայքարելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ՝ «այլեւս երբեք» ասելու վճռականությամբ»: