Բավ է պառակտվել
14-03-2017 21:16

Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում

 

Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և նոր լարվածություն թույլ չտալու նպատակով, այս մասին երեքշաբթի օրը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում ունեցած ելույթի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի»,- ընդգծել է նա և ավելացրել, որ անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են արդիական մնալ:
«Մինչև 2016 թվականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ պատերազմական քարոզչություն և հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները: 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության»,- Սերժ Սարգսյանի խոսքերն է մեջբերում նախագահի մամուլի ծառայությունը:
2016թ. ապրիլի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռա-հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և օդուժի կիրառմամբ ակտիվ ռազմական գործողություներ էր իրականացրել՝ շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ կրակի տակ պահելով Լեռնային Ղարաբաղի դիրքերն ու բնակավայրերը: ԼՂՀ Պաշտպանական բանակը ճնշել էր հակառակորդի ագրեսիվ գործողությունները՝ պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ:
Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին հստակ ամրագրվել է 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը: Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ:
«Սակայն, Ադրբեջանը, ինչպես և անցյալում, խուսափում է այդ պայմանավորվածությունների կատարումից»,- նշել է նախագահը:
Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պատերազմը խնդրի լուծում չէ, և բանակցություններն այլընտրանք չունեն:
«Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: