Բավ է պառակտվել
23-04-2016 12:26

Հանցագործության դատապարտումը պահանջում է նաև տուժածների իրավունքների ճանաչում

Ցանկացած հանցագործության արդարացի դատապարտումը պահանջում է նաև կրած կորուստների ու զրկանքների նկատմամբ տուժածների իրավունքների ճանաչում: Այս մասին, այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, ֆորումի այս տարվա խորագիրը` «Ցեղասպանության վերապրած վկաները», թույլ է տալիս մեզ վեր հանել ինչպես հետևանքների վերացման, այնպես էլ կանխարգելման առումներով կարևորագույն նշանակություն ունեցող հարցերը:

«Այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության։ Դրա վկայությունն է նաև ցեղասպանություն իրականացնողների կամ նրանց ժառանգների կողմից ժխտողականության ալիքը, որն ամենամեծ հարվածն է վերապրածների համար: Ինչպես իրավացիորեն ասել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը․ «Ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ»: Առանձին դեպքերում ժխտողականությունը դրսևորվում է նաև հիշելու և իմանալու իրավունքների ոտնահարմամբ: Ժխտողականությունը մշտական վախի պայմաններում է պահում վերապրածներին և նրանց սերունդներին, քանզի նրանք, ովքեր ժխտում կամ արդարացնում են տեղի ունեցածը, անուղղակիորեն չեն բացառում ապագայում հնարավոր պայմանների առկայության պարագայում նույն հանցանքը կրկնելու հավանականությունը:

Միաժամանակ, կարծում եմ ցեղասպանություն հանցագործության հետ կապված միջազգային իրավական փաստաթղթերը բավարար ուշադրության չեն արժանացնում վերապրածների խնդիրների միջազգային իրավական կարգավորումներին: Նույնը կարելի է ասել նաև փախստականների հետ կապված միջազգային իրավական ռեժիմի մասին: Կարևոր է հասկանալ, թե առկա իրավական մեխանիզմների կատարելագործման կամ նորերի ներմուծման միջոցներով ինչպես է հնարավոր իրավաբանորեն ամրագրել ցեղասպանություն կամ մարդկության դեմ հանցագործություններ վերապրածների առանձնահատուկ կարգավիճակը, առանց որի թերևս անհնար է համակարգված ձևով մոտենալ խնդրի լուծմանը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, ցանկացած հանցագործության արդարացի դատապարտումը պահանջում է նաև կրած կորուստների ու զրկանքների նկատմամբ տուժածների իրավունքների ճանաչում: «Ասվածը բնականաբար վերաբերում է նաև ցեղասպանություններ և մարդկության դեմ հանցագործություններ վերապրածներին: Պետք է ապահովվեն անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն ճանաչել այդ իրավունքը, այլ նաև իրականացնել այն»,-նշել է ՀՀ նախագահը:

Նշենք, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը միավորում է կառավարությունների ու խորհրդարանների, խոշոր միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների, միջազգային իրավունքի բնագավառում հայտնի փորձագետների ու լրատվամիջոցների նեկայացուցիչների, նաեւ այլ հետաքրքրված անձանց:

Նրանց շարքերում են նաեւ The Washington Post ամերիկյան պարբերականի խմբագիր ու տեսաբան Դեւիդ Իգնատիուսը, հայտնի դերասան, կինեմատոգրաֆիստ ու բարերար Ջորջ Քլունին, 100 LIVES նախագծի համահիմնադիր, Նյու Յորքում Կառնեգի կորպորացիայի նախագահ, Aurora Prize – 2016 մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովի անդամ Վարդան Գրիգորյանը: Ֆորումի ժամանակ ելույթ են ունենալու նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: