Բավ է պառակտվել
20-01-2015 13:00

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին: Երկրի ղեկավարը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետեւողականությամբ: Հանրապետության նախագահը կարեւոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջեւ ձեւավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին: Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում եւ հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը: Այդ շրջանակներում ռուսական իրավասու մարմինների կողմից ինչպես Գյումրիում տեղակայված ռազմական բազայի, այնպես էլ ՌԴ տարածքում կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովել սպանության բոլոր վարկածների եւ գործի բոլոր հանգամանքների համակողմանի քննությունը, մեղավորների բացահայտումը եւ նրանց պատասխանատվության անխուսափելիությունը: Ա. Բաստրիկինը նաեւ վստահություն է հայտնել, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության եւ արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը: