Բավ է պառակտվել
12-11-2016 07:41

Նախագահը ստորագրել է ձմեռային զորակոչ և զորացրում կատարելու մասին հրամանագիր

Ուրբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հրամանագրի համաձայն, 2016 թվականի նոյեմբեր - 2017 թվականի հունվար ամիսներին կանցկացվի հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հրամանագիրը նախատեսում է այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպման և իրականացման ապահովումը:

Բացի այդ, 2017 թվականի հունվար ամսին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Հայաստանի կառավարությանը հանձնարարվել է հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: