Բավ է պառակտվել
26-05-2015 16:58

Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ո՛չ որևէ բանի վերջն է, ո՛չ էլ՝ սկիզբը. ՀՀ նախագահ

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում: Նախագահ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից ներկայացնում են Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ.

«Հարգելի՛ մրցանակակիրներ,
Սիրով ողջունում եմ ձեզ և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ բոլորիդ անձամբ հանդիպելու և շփվելու այս հնարավորության համար:
Ճանաչումը կարևոր է յուրաքանչյուր անհատի, առավել ևս՝ ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար: Այն վկայում է, որ մարդն օտարացած չէ իր հասարակությունից, իսկ նրա ներդրած ջանքերն արդյունք են տվել և գնահատվել են: Ձեզնից յուրաքանչյուրը, փորձեր ու սխալներ կատարելով, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ոլորտում հաջողության հասած ամեն ոք, պայքարել և գտել է արարման իր ուղին: Մենք հենց այդ պայքարն ենք արժևորում:
Ոչ պակաս կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ այստեղ ներկայացված են մեր ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին և կրտսեր սերնդի ներկայացուցիչները: Մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է թույլ չտալ սերունդների կապի խզումը: Գիտելիքի և կարողության, տաղանդի ու փորձի այն հարուստ պաշարը, որ ունի հայ ժողովուրդը, մենք պետք է փոխանցենք սերնդեսերունդ և բազմապատկենք:
Սիրելի՛ բարեկամներ,
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը յուրահատուկ խորհուրդ է հաղորդում նաև այս մրցանակաբաշխությանը: Անշուշտ, հարյուրերորդ տարելիցը ո՛չ որևէ բանի վերջն է, ո՛չ էլ՝ սկիզբը: Այն ընդամենը պայմանական սահմանագիծ է հայ ժողովրդի հարատևման ճանապարհին:
Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերին պարտադրեցին Գողգոթա՝ միայն իրենց ազգային և կրոնական պատկանելության համար: Դահիճները որոշել էին հայի անունը վերացնել աշխարհի երեսից: Այսօր այդ դժնդակ տառապանքներն անցած, նման ողբերգություն վերապրածների ժառանգները սպեկտրաբևեռաչափ են ստեղծում և նանոկառուցվածքներ ուսումնասիրում:
Սրանք հիրավի հպարտանալու ձեռքբերումներ են: Սա է հայ ժողովրդի պատասխանը մեզ ոչնչացնել ու վերացնել ծրագրողներին ու ցանկացողներին:
Այս պատասխանը տվել են առաջին հերթին հենց Հայոց ցեղասպանությունը վերապրածները՝ նրանք, ովքեր կարողացան հիմնահատակ ավերված մեր տունը կրկին կառուցել ու շենացնել: Վերապրածների այդ մեծագույն ավանդը գնահատելու նպատակով այս տարի մասնագիտական հանձնաժողովը որոշել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնել այսօր Հայաստանում բնակվող 23 վերապրած կանանց:
Փա՛ռք ձեզ, սիրելի՛ մայրեր, Փա՛ռք ու պատիվ ձեզ: Դուք այսօր խորհրդանշում եք այն հայ մայրերին, որ Դեր Զորի այրող ավազների վրա հայ մանուկներին մեսրոպատառ գիր էին սովորեցնում: Այսօր ձեր թոռները բարդ վիրահատություններ են կատարում և այդ նույն մեսրոպյան գրով ոսկեղենիկ հայերենի փոխադրում Ումբերտո Էկոյի նշանավոր գիրքը:
Հայոց ցեղասպանության դժնդակ ժամանակահատվածում գտնվեցին բարի կամքի տեր մարդիկ, ովքեր փրկեցին տասնյակ հազարավոր գաղթականների և որբերի: Դրանց շարքում անգնահատելի էր Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքը: Այսօր մենք ճանաչում ենք մեր վերապրելու գործում ամերիկյան ժողովրդի ունեցած վաստակը և երախտագիտություն ենք հայտնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնելով Մերձավոր Արևելքի հիմնադրամին:
Սիրելի՛ բարեկամներ,
Գնահատանքի հատուկ խոսք եմ ուղղում նաև հարգարժան Պողոսյան ընտանիքին, որն իր ուժերի չափով մասնակցում է մայր հայրենիքում տեղի ունեցող զարգացումներին՝ նաև այս մրցանակաբաշխությանն աջակցելու ճանապարհով:
Ամփոփելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն: Թո՛ղ ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: Խաղաղություն ձեզ և ձեր ընտանիքներին, ձեր հարազատներին և նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի:
Շնորհավորում եմ մեկ անգամ ևս»: