Բավ է պառակտվել
24-09-2015 14:51

Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցու օծմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների անմար հիշատակի: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, ինչպես նաև եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հյուրեր տարբեր երկրներից: Արարողությունը կատարվել է Վատիկանի Արևելյան եկեղեցիների նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի համանախագահությամբ: Եկեղեցու բացման կապակցությամբ Պապական Նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոչինսկին ընթերցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ուղերձը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքը: