Բավ է պառակտվել
17-07-2016 17:39

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ:

Խորհրդակցության մասնակիցները Հանրապետության նախագահին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակի եւ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները:

Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը եւ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, եւս երկուսը՝ վիրավորվել:

Ոստիկանության միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ: Ավելի ուշ հաղորդվել է, որ զոհված ոստիկանը նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է: