Բավ է պառակտվել
29-05-2017 11:46

Նախագահ Սարգսյանը պարգևատրել է Հենրիխ Մխիթարյանին՝ սպորտի ոլորտում ունեցած ավանդի համար

Կիրակի օրը, նախագահի նստավայրում, Առաջին Հանրապետության օրվա առթիվ մի շարք գործիչների շնորհվել են պետական բարձր կոչումներ և պարգևներ:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հայաստանը նշում էր մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը գոյատևած Առաջին Հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը:
Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից՝ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության նախագահը մի խումբ անձանց շնորհել է պետական բարձրագույն պարգևներ, ինչպես նաև պատվավոր կոչումներ:


Սարգսյանը պարգևատրվածներին շնորհավորել է Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ: Պարգևատրվածների թվում է նաև Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը («Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան), Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը, երգիչ Ռազմիկ Ամյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:
«Հայաստանը թևակոխել է լրջագույն փոփոխությունների փուլ: Այդ փոփոխությունների հիմքում դրվում է առաջին հերթին արդարության սկզբունքը: Մեր երկրի դիմագիծը փոխելու համար մենք մշտապես պետք է բացահայտենք և մեծարենք արժանավորներին: Դա է լավը՝ վատից, ճիշտը՝ ստից, բարին՝ չարից զատելու և առանձնացնելու ուղին: Հասարակությունները հաջողություններ են գրանցում՝ հենվելով բացառապես ճշմարիտ արժեքների վրա»,-ընդգծել է Սարգսյանը:


Նա վստահություն է հայտնել, որ լավը, ճիշտը, բարին հայ հասարակության անդամներին միավորող արժեքներն են.« Դա է մեր պետականության հիմքերն ամրապնդելու և վստահորեն առաջ շարժվելու ճանապարհը»,- նշել է երկրի ղեկավարը:
«Այսօր մենք տոնում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը: Անցած 99 տարիների ընթացքում ստեղծվել են բազում արժեքներ՝ նյութական, հոգևոր, տեխնոլոգիական: Դրանք արդյունք են նվիրյալների և պրոֆեսիոնալների աշխատանքի, նրանց տաղանդի և նպատակասլացության: Մեր օրերում դուք եք արժանիների հերթափոխը: Եվ մեր հասարակությունը երախտապարտ է ձեր ջանքերի և նվիրումի համար»,- ասել է Սարգսյանը:
Նրա խոսքերով, այսօր Հայաստանում իրականացվող բարեփոխումները ընդլայնվելու են, դառնալով լայնածավալ ու համակարգային, իսկ արդյունքները երկար սպասել չեն տա: Ավելին, դրանք պետք է զգացվեն և շոշափելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում:
«Գալիք երկու-երեք տարիները բեկումնային են: Ակնկալում եմ, որ դուք ևս ձեր ողջ ներուժը և ձեր ամբողջական գիտելիքները ներդնելու եք այդ շնորհակալ աշխատանքում: Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է: Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ և բարեկեցիկ երկիր: Վստահ եմ, որ դա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է բոլորիս նախանձախնդիր և հետևողական աշխատանքը»,- նշել է Սարգսյանը: