07-05-2015 10:07

Կառավարության ղեկավարն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան: ԱԷԿ կատարած այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել վերջինիս գործունեությունը, ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, քայլերն ու առաջիկա ծրագրերը: Նախատեսվում է 2017 թվականին 6 ամիս ժամկետով դադարեցնել ատոմակայանի աշխատանքները՝ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչ 2027 թվականը երկարաձգելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:


Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան: Տեղեկացվել է, որ 2010 թվականից շահագործման հանձնված էլեկտրակայանը 2015 թվականի ապրիլի 30-ի դրությամբ արտադրել և առաքել է ներքին ցանց ավելի քան 7,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա: Այստեղ տարեկան արտադրվում է մոտ 1,3 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա, որի մի մասն արտահանվում է Իրան: Էլեկտրակայանի դրվածքային հզորությունը կազմում է 271,7 ՄՎտ: Այն համալրված է ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով: Նախատեսվում է գործող կայանի հարևանությամբ առաջիկա տարիների ընթացքում կառուցել ևս մեկ նման էլեկտրակայան: