Բավ է պառակտվել
21-05-2016 16:31

Արցախի վարչապետ. Մեր ժամկետայինները հարցը լուծել են ինքնուրույն և կարճ ժամկետում

Ադրբեջանը հասկացավ, որ իր դիմաց կանգնած է երեք միլիոն զորք, հայկական մեծ սփյուռք, որն ամեն քայլափոխի պատրաստ է աջակցելու հայրենիքին: Այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Շահումյանի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում զինվորականների ու կամավորականների հետ հանդիպման ժամանակ:
«Ապրիլի 2-ից մինչև վերջին օրերը հայկական երկու պետությունների համար պատմական փուլ էր: Ադրբեջանը փորձում էր ստուգել Արցախի բանակի մարտունակության աստիճանը, և նրանք հասկացան, որ ոչ միայն մեր բանակը, այլ նաև ողջ հայ ազգը պատրաստ է պատերազմի: Իհարկե, առաջնագծում հիմնական դերակատարը հայկական բանակն է, բայց այսօր բոլորս ենք բանակային, բոլորս ենք զինվոր»,-Արցախի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ասել է ԼՂՀ վարչապետը:
Նրա խոսքով, այս օրերին Մայր Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից բազմաթիվ կամավորներ են շտապել Արցախի առաջնագիծն ամրացնելու:
«Շատերը պատրաստակամ էին գալու Արցախ, սակայն մերժեցինք նրանց, քանի որ դրա կարիքը չկար: Շնորհակալ ենք բոլոր կամավորներին, նրանց, ովքեր կանգնեցին և ովքեր պատրաստ էին կանգնելու Արցախի պաշտպանության դիրքերում»,-ասել է Ա. Հարությունյանը:
Նա շնորհակալություն է հայտնել ժամկետային զինծառայողներին, որովհետև այսօր տասը միլիոն հայ դրական առումով մոռացել է բոլորին և հպարտանում է 18-20 տարեկան հայորդիներով, հպարտանում է մեր սպաներով:
«Նրանք թույլ չտվեցին հակառակորդին ավելի լայնածավալ գործողություններ կատարելու, մեր ժամկետայինները հարցը լուծել են ինքնուրույն և կարճ ժամկետում»,-ասել է նա: