Բավ է պառակտվել
31-12-2014 09:13

Վարչապետի ուղերձը. Անցնող տարին եւս մեկ դժվարին ժամանակահատված էր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ամանորյա ուղերձը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում 2014 թվականը, եւ շուտով մենք կշրջենք մեր տարեգրության եւս մեկ էջ: Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը: Թո՛ղ գալիք՝ 2015 թվականը մեր պետության համար լինի խաղաղության եւ ստեղծագործ աշխատանքի տարի:

Անցնող տարին մեր երկրի առաջընթացի ճանապարհին եւս մեկ դժվարին ժամանակահատված էր, որը կարողացանք հաղթահարել առանց մեծ ցնցումների: Այն իր դժվարություններով հանդերձ, եւս մի քայլ եղավ մեր պետականության ամրապնդման, երկրի հզորացման եւ մեր կյանքի բոլոր բնագավառների բարեփոխման ճանապարհին:

2014 թվականի մայիսին ձեւավորված նոր կառավարությունն իր գործունեության առանցքում է պահում քաղաքացուն եւ նրա կարիքները: Մենք գիտակցում ենք, որ դեռեւս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Մենք ունենք դրանց լուծման համար հստակ ծրագիր եւ քաղաքական կամք:

Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել տնտեսության հետագա զարգացման, գործարար միջավայրի բարելավման եւ արտաքին գործոններով պայմանավորված ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ եւ մեր անձնվեր աշխատանքով ու համատեղ ջանքերով 2015 թվականին մենք կարձանագրենք նոր հաջողություններ:

Այն, ինչ մենք անում ենք այսօր, առաջին հերթին անում ենք գալիք սերունդների համար, որպեսզի նրանք ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ երկրում, որտեղ պահպանում են ազգային ավանդույթները եւ ձգտում նոր նպատակների: Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակները անբաժան են Հայաստանից, մեր երկրի նկատմամբ ջերմ ու անկեղծ զգացումներից:

Ես հավատում եմ մեր հավաքական ուժին եւ համոզված եմ, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ, մեր մտավոր ու նյութական ներուժի համադրմամբ իրականություն են դառնալու համազգային մեր գաղափարներն ու հայրենանվեր նպատակները:

Սիրելի՛ հայրենակիցներ

Տարեմուտի այս նվիրական պահին կուզենայի շեշտել մեր հասարակության, ամբողջ ժողովրդի միասնության անհրաժեշտությունը: Դա հատկապես կարեւոր է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ մենք եւս մեկ անգամ աշխարհին կվերահաստատենք մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու, նրանց երազած հայրենիքը կերտելու մեր անկոտրում կամքը:

Մեկ անգամ եւս շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, առողջություն, անձնական երջանկություն եւ բարօրություն: Թո՛ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարհում: Թո՛ղ 2015 թվականը միայն ձեռքբերումների եւ բարի գործերի իրականացման տարի լինի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»: