Բավ է պառակտվել
07-12-2017 16:59

ՀՀ վարչապետ.Գյումրիում կյանքի որակը սկզբունքորեն կփոխվի

Գյումրիում կյանքի որակը սկզբունքորեն կփոխվի, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ երկրաշարժի 29-ամյա տարելիցի առթիվ Հայաստանի մշակույթի մայրաքաղաք կատարած այցելության ժամանակ:
Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ժամը 11:41 –ին Կարապետյանը ծաղիկներ է խոնարհել 1988 թ. Երկրաշարժից տուժածների հիշատակը հավերժացնող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում և մասնակցել է պատարագին:
« Մենք պետք է ամեն օր աշխատենք, որպեսզի կյանքի մակարդակն այստեղ ռեալ փոփոխություններ կրի: Այն խնդիրները, որոնց այսօր բախվում է Գյումրին և մեր ժողովուրդը՝ հաղթահարելի են: Պարզապես հարկավոր է լավատեսությամբ նայել դեպի ապագան ու աշխատել»,- ասել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ 29 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7–ին, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը գրեթե ամբողջովին հողին հավասարեցրեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաքները՝ Սպիտակն ու Լենինականը (ներկայիս Գյումրին),և հարյուրից ավելի գյուղեր։ Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։ Եվս մի քանի քաղաք ավերվեցին մասամբ:
Երկրաշարժի էպիկենտրոն հանդիսացող Սպիտակ քաղաքում ցնցումների ուժգնությունը 12 բալանի սանդղակով գնահատվել էր 10 բալ: Պաշտոնական տվյալներով այդ օրը զոհվեց 25 հազար մարդ, 140 հազար մարդ դարձավ հաշմանդամ, ևս կես միլիոն էլ զրկվեց կացարանից: