Բավ է պառակտվել
25-01-2017 13:25

Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու. Կարեն Կարապետյան

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Պատվիրակության անդամներից բացի, հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը, Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող գործարարներ, հայազգի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ:
Մարդկային պոտենցիալն իբրև բացարձակ արժեք


Վարչապետը ներկայացրել է ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպման արդյունքները, ինչպես նաև գոհունակություն է հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:
Կարապետյանը ներկայացրել է նաև կառավարության 100-օրյա գործունեության ամփոփ հաշվետվությունը:
Խոսելով երկրի զարգացման հեռանկարների մասին կառավարության ղեկավարը ընդգծել է ավելի վաղ իր կողմից մատնանշված, այս գործընթացի չորս հիմնական բաղադրիչները, որոնք են՝ անկախությունը, անվտանգությունը, արդարությունը և ինտելեկտուալությունը:
«Մենք այլ տարբերակ չունենք. մենք խելացի կառավարում պետք է իրականացնեք բոլոր ոլորտներում։ Մարդկային կապիտալը մեր երկրի գերագույն արժեքն է: Ես մի քանի անգամ տարբեր հարթակներում խոսել եմ այս մասին. երջանիկ երկրների շարքում չեն հայտնվում նավթով, գազով ու այլ բնական պաշարներով հարուստ երկրներ, այլ այնպիսի երկրներ, որտեղ ստեղծված են աշխատող ու արարող մարդկանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ»,- նշել է նա՝ հավելելով, որ կառավարությունը աշխատող, մտածող, ստեղծագործող մարդու համար ստեղծելու է առավելագույն արդար ու թափանցիկ պայմաններ:
Հայաստանում կգտնվի տեղ և բիզնես՝ յուրաքանչյուր հայի համար


Խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Սփյուռքն առավելություն է մեր երկրի համար, և մեր հարաբերությունների կարևորության մասին կարելի է երկար խոսել:
«Անձամբ ես տեսնում եմ հայկական սփյուռքի ներգրավվածության հսկայական պոտենցիալը մեր երկրի կառուցման գործում: Առաջին հերթին ես կուզեի, որ Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները չկառուցվեին այն մտայնության վրա, որ Հայաստանը հետաքրքրված է միայն սփյուռքի ներդրումներով ու բարեգործական առաքելությամբ: Մենք կարիք ունենք ներգրավվելու կառավարման և շփման մշակույթին»,- ասել է նա:
Որպես օրինակ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտը որակապես մեծ փոփոխություններ է կրել, հատկապես ռեստորանային բիզնեսում:
«Ես կարծում եմ, որ պետք է ազդակներ ուղարկել ձևակերպված խաղի կանոնների մասին, բիզնես միջավայրի բարենպաստ պայմանների մասին,այդ դեպքում յուրաքանչյուր հայ իր տեղն ու գործը կգտնի: Ես վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի»,- ընդգծել է է Կարապետյանը:
Գյումրին կդառնա տուրիզմի կենտրոն


Պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցադրմանը, թե ինչ է արվում երկրաշարժից տուժած Գյումրին վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ՝ վարչապետը նկատել է, որ ներկայում լուրջ ուշադրություն է դարձվում մարզերի գործարար համայնքի կողմից ներկայացվող բիզնես ծրագրերի խթանմանը՝ պետություն-մասնավոր համաֆինանսավորման ձևաչափով:
«Շիրակի մարզ կատարած այցի արդյունքներով ներկայացված 8 բիզնես ծրագրերից 7-ը մեր կողմից ընդունվել են»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ լուրջ քննարկումներ են ընթանում Գյումրին որպես զբոսաշրջության կենտրոն զարգացնելու ուղղությամբ:
Ռուսաստանի հայկական համայնքը կանգնած է վարչապետի թիկունքին


Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը նշել է, որ նմանատիպ հանդիպումները լավ հարթակ են կարծիքներ փոխանակելու և նոր գաղափարներ փոխանցելու համար:
«Ոչ վաղ անցյալում ես եղել եմ ձեզանից մեկը: Ես շատ լավ գիտեմ, որ դուք բոլորդ ապրում եք մտածմունքներով և անմիջական հետաքրքրվածությամբ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու: Ես գիտեմ, որ բոլորիդ մոտ հպարտության և արժանապատվության զգացողությունը կախված է այն բանից, թե ինչպես է Հայաստանն իրեն զգում: Ես խոստանում եմ, որ մեր թիմը կանի ամեն հնարավորը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանը, ամփոփելով վարչապետի ՌԴ կատարած այցի, ինչպես նաև դեսպանատանը կայացած հանդիպման արդյունքները, նշել է, որ չնայած բարդ ժամանակներին՝ հայ համայնքը կիսում է նոր կառավարության մոտեցումները և կանգնած է վարչապետի թիկունքին: