17-11-2016 17:10

«Սասնա ծռերից» Սմբատ Բարսեղյանին ցմահ ազատազրկում է սպառնում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար: Այս մասին  հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ասելով, որ մեղադրանքն առաջադրվել է նոյեմբերի 11-ին։

«Նոյեմբերի 11-ին Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով և սպանության՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով»,– ասացին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է Արթուր Վանոյանի սպանության համար:

Նշենք, որ նոյեմբերի 11-ին առաջադրված մեղադրանքով Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է նաև ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության համար:

Նշենք, որ ՔՕ 104-րդ հոդվածը նախատեսում է պատիժ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք, որ մինչ այդ, Սմբատ Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել: