18-08-2016 07:53

Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջան անցած ՀՀ քաղաքացուն

Ադրբեջանում Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության (ԿԽՄԿ) ներկայացուցիչները չորեքշաբթի տեսակցել են ՀՀ քաղաքացուն, ով նախորդ շաբաթ հատել էր հայ–ադրբեջանական սահմանը,  հայտնեցին Երևանում ԿԽՄԿ պատվիրակության մամուլի ծառայությունից։

«Հայաստանի քաղաքացին գտնվում է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում` որպես կալանավոր։ Նրան թույլատրել են հարազատներին փոխանցել անձնական բնույթի տեղեկատվություն», – հայտարարեցին մամուլի ծառայությունից։

Պատվիրակությունից նաև հայտնեցին, որ ԿԽՄԿ–ն չի կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել Հայաստանի քաղաքացու անձի մասին տեղեկությունը կամ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն նրա վիճակի մասին։

Շաբաթ օրը ԶԼՄ–ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ հայ–ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացին Այգեպատ գյուղի բնակիչ, 1954 թ.–ին ծնված Հենրիխ Աղեկյանն է։

Նա, ամենայն հավանականությամբ, հատել է սահմանը օգոստոսի 7–ին։ Նրա հարազատներն ավելի վաղ տեղեկացրել էին նրա անհետացման մասին։

Որոշ տվյալներով` նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում ևս փորձել է հատել հայ–ադրբեջանական սահմանը, սակայն այդ փորձը կանխվել է։