Բավ է պառակտվել
27-03-2015 14:19

ԱԺ-ում քննարկվել է Օսմանյան Թուրքիայում եզդիների բռնությունների հարցը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերով այսօր Ազգային ժողով են այցելել Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներ Ազիզ Թամոյանը, Բորիս Թամոյանը, Համլետ Սմոյանը, Զուզան Խուբոյանը, Ռուստամ Բաքոյանը, Մամե Ամիրյանը, Գառնիկ Ասատրյանը, Ռզգան Շամոյանը, Ամո Շարոյանը, Խդր Թամոյանը և Ռաշիդ Շամոյանը: Հանդիպման թեման տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործություններնի դատապարտման հարցն էր: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ ևս դատապարտել է ամիսներ առաջ Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները և հիշեցրել, որ այդ մասին իր ելույթում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել և տեղի ունեցած բռնությունները դատապարտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանդիպմանը, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները պատկերող վավերագրերի, հոդվածների և լուսանկարների ցուցադրություն: Միաժամանակ տեղի կունենա գրքի շնորհանդես, որի տպագրությունն իրականացվել է շնորհիվ ՀՀ Նախագահի կողմից տրված դրամաշնորհի: Նշենք, որ գիրքը փաստարկված ներկայացնում է Հյուսիսային Իրաքում ամիսներ առաջ տեղի ունեցած բռնությունները: Քննարկվել է նաև Օսմանյան Թուրքիայում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ հարցը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկա հուլիսին Երևանում տեղի է ունենալու «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի» նիստը: Նա եզդիական համայնքի անդամներին առաջարկել է ունեցած փաստերը ներկայացնել այդ կառույցի քննարկմանը: Հյուրերից Բորիս Թամոյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, տեղեկացրել է, որ այսօր արդեն հավաքված են բազմաթիվ փաստավավերագրական նյութեր, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրությունում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված բռնությունները: ԱԺ փոխնախագահն առաջարկել է ստեղծել խումբ, որը կշարունակի հավաքել նյութեր և կներկայացնի «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային»: