Բավ է պառակտվել
26-04-2016 14:50

Ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը պատրաստվում էր պայթեցնել ազգականներին

Երևանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը, նախնական տեղեկություններով, պատրաստվում էր պայթեցնել ազգականներին:

 Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:

Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ և 8 տուժած:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: