Բավ է պառակտվել
31-01-2015 09:38

Հինգ մարդ ճանաչվել է սպանված Ավետիսյանների իրավահաջորդ

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդ է ճանաչվել հինգ մարդ, ովքեր նրանց հարազատներն են: Նրանք հարցաքննվել են իրենց հայտնի հանցագործության հանգամանքների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործով քննությունը շարունակվում է, ստուգվում են բոլոր վարկածները, հարցաքննվել են մեղադրյալ Վալերի Պերմյակովի զինընկերները, ինչպես նաև հրամանատարական կազմը, 2015 թվականի հունվարի 12 հերթապահող ծառայությանպետերը և այլ պատասխանատու անձինք: «Քննությունը պարզել է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերվել է տուժողներին պատկանող երեք հեռախոս: Բջջային հեռախոսակապի օպերատորից պահանջվել է տվյալ հեռախոսահամարներին մուտք գործող և դուրս եկող հեռախոսազանգերի գաղտնազերծումը», - նշված է հաղորդագրության մեջ: Հունվարի 12-ի լուսաբացին ոճրագործը գնդակահարել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին: Ընտանիքի յոթերորդ անդամին՝ վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանին, հանցագործը հարվածել է սվինով: Հակառակ բժիշկների գործադրած ջանքերին հունվարի 19-ին փոքրիկը մահացավ: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը: Հարուցվել է երկու քրեական գործ. ռուսական կողմը քրեական գործ է հարուցել «Դասալիքություն» և «Սպանություն» հոդվածներով: Սպանության մասին գործ է հարուցվել նաև Հայաստանի Քննչական կոմիտեում: