Բավ է պառակտվել
19-11-2015 13:57

Ուժեղ քամիների հետևանքով տուժած համայնքները կփոխհատուցվեն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 902 մլն դրամ՝ 2015 թվականի նոյեմբեր ամսին ուժեղ քամիների հետևանքով համայնքներին հասցված վնասների հետևանքները վերացնելու նպատակով:
Կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ մարզպետներին հանձնարարել է՝ ավելի կոնկրետ ուսումնասիրել վնասները և արդյունքները ներկայացնել կառավարություն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ խնդրին առնչվող բոլոր գերատեսչությունների ուշադրությունը հրավիրեց այս հարցի շուրջ՝ աշխատանքներն արագ կազմակերպելու համար: «Ինքս ականատես եմ եղել Արագածոտնի մարզում և տեսել, որ կան դպրոցներ, բնակելի շենքեր, որոնց տանիքները լիովին չկան: Իմ կարծիքով, պետք է այս նախագծով նաև առաջարկվի, որ թույլտվություն տանք մի աղբյուրից գնումները կատարել, որպեսզի կարողանան արագ շինարարություն իրականացնել: Եթե գնան մրցութային ընթացակարգով, 2 ամսում մրցույթ անցկացվի, ապա անիմաստ կլինի: Բայց այստեղ, ես տեսնում եմ և իմ մտահոգությունն է, որ թվերն իրականությանը չեն համապատասխանում: Մենք Նախագահի հետ քննարկել ենք այս հարցը և որոշում ենք կայացրել, որ աջակցենք: Բայց նաև դա պետք է լինի օբյեկտիվ, հիմնավոր»,- ընդգծեց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ստեղծել հանձնաժողով, 2-3 օրվա ընթացքում ունենալ աշխատանքային խմբեր, լինել մարզերում, համայնքներում, ճշտել թվերը ու դրան զուգահեռ շինաշխատանքներն իրականացնել: