Բավ է պառակտվել
04-06-2015 12:33

Հաստատվեց ՀՀ ՔՕ նոր հայեցակարգը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգին: Ինչպես նշեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, օրենսգրքում մինչ այժմ առկա են եղել բազմաթիվ թերություններ և պատահական չէ, որ մինչ այժմ կատարվել է մոտ 100 փոփոխություն և լրացում։ Նրա խոսքերով՝ շատ հաճախ արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները։ «Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը։ Մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին»,- նշեց Հ. Մանուկյանը: Նախարարն ակնկալում է, որ նոր հայեցակարգով կբարձրանա մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության մակարդակը, կբացառվեն հանցագործությունների որակման կանոնների սահմանման և հանցակազմերի հստակ ձևակերպման միջոցով քրեաիրավական նորմերի սխալ կիրառումը, դատական սխալները, կբարձրանա պատժի նշանակման կանոնների սահմանմամբ` պատժի արդյունավետության մակարդակը: «Միաժամանակ, այլընտրանքային պատժատեսակների ցանկի ընդլայնմամբ` ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների նշանակման ծավալներն էականորեն կնվազեն, կկատարելագործվեն քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու ինստիտուտները, կստեղծվեն հանցանք կատարած անձի ուղղման և վերասոցիալականացման նպատակի իրագործման արդյունավետության նախադրյալներ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ հայեցակարգը կնպաստի նաև քրեական օրենսդրության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովմանը: