06-10-2016 09:49

Կառավարությունը միայնակ ծերերին այլ կերպ կօգնի

Պատգամավորներին մտահոգել է ֆինանսների նախարարի հայտարարությունը` կենսաթոշակները չբարձրացնելու մասին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խոստանում է ծերերին այլ ծրագրերով աջակցել:

 Պետական բյուջեի ծախսերի շուրջ 30 տոկոսը սոցիալական ոլորտի հատկացումներն են, որոնք ավելացել են վերջին տարիներին: Կենսաթոշակները ևս նախորդ տարիներին բարձրացել են, և այժմ կազմում են միջինը 41 000 դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի` կառավարությանն ուղղված մեղադրանքին, թե թոշակները չբարձրացնելով վերջինը սովի է մատնում հանրապետության հազարավոր թոշակառուներին: «Դա, իհարկե, բավարար չէ»,- ասաց նախարարը` միաժամանակ հաստատելով, որ 2017թ-ի բյուջեի նախագծում կենսաթոշակների բարձրացման համար միջոցներ նախատեսված չեն: «Բայց դա պայմանավորված է այսօրվա իրողություններով, սոցիալ-տնտեսական խնդիրներով և այն առաջնահերթ լուծելիք խնդիրներով, որոնք առաջիկա ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն իր ծրագրով կներկայացնի հանրությանն ու ԱԺ-ին»,- ասաց Արտեմ Ասատրյանը` հավելելով, որ բացի դրանից, հատուկ խնամքի կարիք ունեցող ծերերին կառավարությունն այլ տիպի աջակցություններ է տրամադրում: Ֆինանսների նախարարը երեկ հայտարարել էր, որ ոչ առաջիկա ամիսներին, ոչ էլ 2017թ-ի պետական բյուջեի նախագծով կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում: