Բավ է պառակտվել
19-06-2015 14:11

Էլեկտրաէներգիայի թանկացումը ազդելու է աղքատության աճի վրա. նախարար

Ազգային ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախարարությունը նախապատրաստում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքները մեղմելու առաջարկություններ, որոնք կներկայացվեն կառավարության քննարկմանը: Առաջին հերթին, ըստ նրա, խնդիրը սոցիալապես անապահով ընտանիքների վրա սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելն է: Բացի այդ, հուլիսի 1-ից կավելանա նաև նվազագույն աշխատավարձերի չափը. «Ամեն դեպքում այս երկու կարևորագույն միջոցառումների շրջանակներում մենք նախատեսում ենք առաջին հերթին ամենախոցելի խմբերի հետ կապված խնդիրների որոշակի լուծում, որից հետո արդեն նաև հնարավորություն կունենանք ամբողջական ազդեցության գնահատականներին անդրադառնալ»: Սակայն նախարարի գնահատմամբ՝ բնական է, որ այս իրավիճակն ազդելու է աղքատության աճի վրա. «Այն միջոցառումները, որոնք նախատեսում ենք իրականացնել, պետք է այնպիսին լինեն, որպեսզի չեզոքացնեն այդ ազդեցությունը: Սա առաջնահերթություն է: Բացի աշխատավարձերի բարձրացումից, նախորդ տարի նաև բարձրացան ընտանեկան նպաստները: Կարծում եմ՝ այս տարի ևս նման կարգի մի գործընթաց կնախաձեռնենք»: Ըստ նրա՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն առավելապես կազդի 105 հազար այն ընտանիքների վրա, որոնք ապրում են սոցիալապես անապահով վիճակում: Այս ընտանիքները, ինչպես նշեց Ա.Ասատրյանը, կստանան թանկացմանը համարժեք նպաստի չափի բարձրացում: «Ընդհանրապես, ես կարծում եմ, որ բոլորի համար է դժվար: Այնպես չէ, որ միայն ընտանեկան նպաստի համակարգում հաշվառվածների համար է խնդիր»,- ասաց Ա.Ասատրյանը: