Բավ է պառակտվել
19-06-2015 10:36

Բելգիայի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն: Դա նաև Բելգիայի կառավարության դիրքորոշումն է»,- հայտարարել է վարչապետ Միշելը՝ պատասխանելով Ֆլամանդական ժողովրդական շարժման պատվավոր նախագահ, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունը այդ հարցում: Լիագումար նիստում Ֆլամանդական ազատների և դեմոկրատների կուսակցության անդամ Պատրիկ Դեվալն իր հերթին կարևորել է Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: «Այսօր մենք ակնհայտորեն դեռ դժվարանում ենք սահմանել այդ փաստը: Դա ցեղասպանություն էր, և կարևոր է, որ մենք այդ մասին անառարկելիորեն նշենք նաև որպես պետություն»,-ասել է նա: