Բավ է պառակտվել
23-07-2015 15:55

Կառավարությունն ավելացրեց զինծառայողների ապահովագրական գումարների հատկացումները

ՀՀ կառավարությունը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» որոշման մեջ կատարեց փոփոխություններ: Այսպիսով, ՀՀ ֆինանսների նախարարությունը օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում՝ երկու միլիոն դրամի չափով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ մեկ միլիոն դրամի չափով: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ առաջարկվող միանվագ ապահովագրական գումարների կիրառման պարագայում, միջինացված հաշվարկային տարեկան անհրաժեշտ գումարը կարող է կազմել` 1-ին խմբի զինհաշմանդամների համար` 3 մլն դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 2.730.000 դրամի փոխարեն, 2-րդ խմբի զինհաշմանդամների համար` 9,6 մլն դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 8.736.000 դրամի փոխարեն: 3-րդ խմբի զինհաշմանդամների համար տարեկան գումարը կկազմի 35,400.000 դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 32.214.000 դրամի փոխարեն: Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրամադրվող միանվագ ապահովագրական գումարներն առաջարկվող չափերով վճարելու դեպքում կպահանջվի տարեկան` 48.000.000 դրամ` ներկայումս սահմանված չափերով վճարելու համար անհրաժեշտ 43.680.000 դրամի փոխարեն: Լրացուցիչ կպահանջվի 4.320.000 դրամ: Ելնելով վերը նշված հաշվարկների արդյունքներից, առաջարկվող փոփոխությունների դեպքում տարեկան կպահանջվի 94.000.000 ՀՀ դրամ` ներկայիս չափերով վճարելու դեպքում պահանջվող 64.610.000 դրամի փոխարեն: Լրացուցիչ ընդհանուր պահանջվող գումարը կկազմի ընդամենը 29.390.000 դրամ:

Նշենք, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում հաշվառվել են մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք կատարելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) թվով 87 զինծառայողների փաստաթղթեր, այդ թվում.

- 2012թ.-ին 39 զինծառայող, որից 17-ը` մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելիս զոհված (մահացած), 22-ը` զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած),

- 2013թ.-ին 20 զինծառայող, որից 10-ը` մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելիս զոհված (մահացած), 10-ը` ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած),

- 2014թ.-ին 28 զինծառայող, որից 25-ը` մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելիս զոհված (մահացած), 3-ը` ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած):