Բավ է պառակտվել
30-07-2014 12:39

Փողոցային առևտուրը հակասանիտարական է. Ա. Պողոսյան

Փողոցային առևտուրը հակասանիտարական է և դրսից սնունդ գնելը վնասակար է առողջության համար: Դեռևս մի քանի տարի առաջ Երևանի փողոցներում յուրաքանչյուր քայլափոխին հանդիպում էինք կրպակների, սակայն վերջիններս ապամոնտաժվեցին, իսկ փողոցային առևտուրը արգելվեց: Սակայն ՛՛Սպառողների միության՛՛ նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով այժմ միտում կա կրկին վերադառնալու փողոցային առևտուրի, որի համար պատասխանատվություն են կրում քաղաքային իշխանությունները:

Պողոսյանի հավաստմամբ ճարտարապետների կողմից կառուցվել են բավականին մեծ շուկաներ, սակայն առևտուրը շարունակվում է պատերի տակ: Հարկավոր է առևտուր ծավալել հենց շուկաների ներսում, այս պարագայում աշխատելու հնարավորություն կունենան ավելի շատ մարդիկ, ինչպես նաև կպահպանվեն հիգիենայի կանոնները:
Երևանում արդեն սովորական ու անպատժելի է դարձել կանաչապատ տարածքների վերացումը: Պողոսյանը նույնպես նկատում է, որ գազոնների հաշվին սրճարանների թիվն է ավելանում: Երևանում շատ հաճախ կարելի է հանդիպել նաև սննդի արագ պատրաստման կետերի: Բանախոսը զգուշացնում է. դրսում, արևի տակ դրված սնունդից հարկավոր է հրաժարվել:

Ամռան ամիսներին սննդամթերքն ավելի շուտ է փչանում: Ուստի հարկավոր է հետևել որոշ կանոնների: Պողոսյանի հավաստմամբ եթե կաթնամթերքը և երշիկեղենը մի քանի անգամ սառնարանից հանել եք, ապա այն այլևս օգտագործման համար պիտանի չէ, քանի որ տաք ու սառը միջավայրում սնունդը փոփոխության է ենթարկվում: