Բավ է պառակտվել
18-03-2015 13:05

Սերգո Կարապետյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ՀՀ-ում գյուղոլորտի վիճակը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ մարտի 18-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները նոր լիցք կստանան: «Տարիների ընթացքում արդյունավետ հարաբերություններ են ձեւավորվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ԱՄՆ դեսպանատան եւ մեր հանրապետությունում գործող ամերիկյան միջազգային կառույցների միջեւ: Վստահ եմ, որ այդ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ», – նշել է իր խոսքում նախարարը: Հանդիպման ժամանակ նախարարը հանգամանորեն ներկայացրել է դեսպանին հանրապետության գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, վերջին տարիներին գրանցված արդյունքները, իրականացվող ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Ոլորտի առաջնային խնդիրների շարքում նախարարը, մասնավորապես, առանձնացրել է կոոպերատիվների ստեղծման, ոռոգման ժամանակակից համակարգերի ու հակակարկտային ցանցերի ներդրման, տոհմային գործի բարելավման, պտղատու նոր այգիների ստեղծման, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսություններին նորագույն գյուղտեխնիկայով ապահովելու անհրաժեշտությունը: Դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում ձեւավորված հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակով եւ վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր այս ուղղությամբ փոխգործակցությունը խորացնելու նպատակով: