Բավ է պառակտվել
20-04-2015 11:58

Պապի ելույթից հետո Ադանայում բնակվող հայ ընտանիքին թուրքերը զրկել են նպաստից

Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրացիսկոս Պապը հայտարարեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը 1915թ-ին հայերի դեմ կատարվածն է: Պապի այս ելույթից հետո Թուրքիայում զայրույթի ու սպառնալիքների ալիք բարձրացել: Պապը Վատիկանում «ցեղասպանություն» բառն ասաց, իսկ Ադանայում հայ քաղաքացին գործազուրկ դարձավ:Պապի ելույթից հետո Թուրքիայի Ադանա քաղաքի Դումլույան գյուղում բնակվող 59-ամյա Վաննիս Չեթինյանն ու իր ընտանիքը զրկվել են սոցիալական նպաստից: Տեղական ինքնակառավարման մարմինների պատճառաբանությունն ու մեկնաբանությունը եղել է հետևյալը. «Սրանից հետո գնացեք հայկական սփյուռիքից նպաստ ստացեք»: Ավելի ուշ Վաննիսը նաև զրկվել է աշխատանքից, քանի որ մուսուլմաններն այլևս հրաժարվել են նրան դիմել գյուղատնտեսական աշխատանքների համար: Ադանաբնակ հայ քաղաքացին պատմել է, որ գյուղում և դպրոցում, ուր հաճախում են նրա երկու որդիները, վերջիններիս մշտապես վիրավորում ու հոգեբանական ճնշման են ենթարկում, երեխաներին ստիպում են մասնակցել իսլամի դասերին և «գյավուր» անվանում: Վաննիս Չեթինյանի վկայությամբ՝ գյուղի հայ բնակչության մեծ մասը ցեղասպանությունից փրկվելով ապաստանել են տարբեր երկրներում, իսկ տեղում մնացածները մահմեդականացվել են: Միակ հայ քրիստոնյա ընտանիքը, որ այսօր ապրում է Ադանայի Դումլույան գյուղում, Չեթինյանների ընտանիքն է: Նրանք իսլամ չեն ընդունել և աղոթելու համար այցելում են մոտակայքի իտալական կաթոլիկ եկեղեցի, քանի որ հայ առաքելականները ցեղասպանության ժամանակ ոչնչացվել են: Տեղի մուսուլման բնակչությունը ծայրահեղ անհանդուրժողականություն է դրսևորում Չեթինյանների նկատմամբ, ընտանիքը հայտնվել է սոցիալական և հոգեբանական ծանր պայմաններում: «Մեր մասին բղավում են, թե՝ այդ հայերին պետք է գետում խեղդել, բոլորին պետք է մորթել, դրանց աղջիկներին պետք է բռնաբարել»,-պատմում է Չեթինյանը: Նրանց միակ ցանկությունը խաղաղ ու սեփական մշակույթով ապրելու հնարավորություն ունենալն է: «Ցեղասպանություն է եղել: Մենք թուրքերին ներում ենք, իրենք մեզ չեն ներում: Թող ճանաչեն ցեղասպանությունը, այլ կերպ խաղաղություն չի լինի: Մենք ուզում ենք համատեղ ու խաղաղ ապրել»,- ասել է Վաննիս Չեթինյանը: