Բավ է պառակտվել
13-11-2014 12:04

Սա Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է.Գ.Սահակյան

Ազգային Ժողովի հերթական նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտեց նախօրեին տեղի ունեցած միջադեպը՝ Բաքվի իշխանություններին մեղադրելով խաղաղ բանակցային գործընթացում լարվածություն մտցնելու համար: «Խոցված ուղղաթիռը պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է, ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: Այս տարվա օգոստոս ամսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ ոտնձգություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած միջնորդական ջանքերը, հորդորները փաստորեն հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից: Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու ևս մեկ քայլ է, որով ոտնահարվում է խաղաղ կարգավորման, վստահության ամրապնդման և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները: Իրավիճակի սրման և ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները, ուստի հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին դատապարտել և առավել հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի ձախողված փորձերը կանխելու նպատակով»,-հայտարարեց Գալուստ Սահակյանը:

Այնուհետ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ուսումնավարժական թռիչքի ընթացքում իրենց զինվորական պարտքը կատարելիս զոհված ԼՂՂ ՊԲ երեք զինծառայողների հիշատակը:

Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ: