Բավ է պառակտվել
15-10-2016 10:02

Վթարված ավտոբուսը ուղևորափոխադրումներ իրականացնելու թույլտվություն չի ունեցել

Ուրբաթ առավոտյան Հյուսիսային Օսեթիայում վթարի ենթարկված Մոսկվա–Երևան ավտոբուսն աշխատում էր առանց ՌԴ տրանսպորտի նախարարության թույլտվության:

«Նախօրեին Բեսլանում վթարի ենթարկված ավտոբուսի մասին տվյալները բացակայում են ՌԴ տրասպորտի նախարարության միջազգային ավտոբուսային կանոնավոր երթուղիների ռեեստրում։ Ավտոբուսը դուրս է եկել Մոսկվայից հոկտեմբերի 13-ին: Քաղաքի ավտոկայարաններում չկան տվյալներ այս երթուղու մասին», - հաղորդում է «Փոխադրումների կազմակերպիչ» ՊՀՀ-ի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջազգային երթուղով պաշտոնապես աշխատելու համար փոխադրողը պետք է պայմանագիր կնքի ավտոկայանի հետ և ստանա ՌԴ տրանսպորտի նախարարության համաձայնագիրը:

«Օգտվելով «անօրինական» փոխադրողների ծառայություններից` ուղևորներն իրենց կյանքը վտանգի են ենթարկում: Նման ավտոբուսների վարորդները հաճախ երթուղուց առաջ չեն անցնում բժշկական զննում, տեխնիկական զննում, և նման ավտոբուսների վերանորոգումը կանոնավոր բնույթ չի կրում», - նշել են հաստատության մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 14-ին առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ հայ 2 ՀՀ քաղաքացի, ազգությամբ ռուս 3 ՌԴ քաղաքացի: Ուրբաթ երեկոյան ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը Երևան է տեղափոխել վթարի ենթարկված 29 ուղևորի և զոհվածներից մեկի դին:

Մոսկվա–Երևան երթուղով ընթացող «Mercedes» մակնիշի ավտոբուսը ողջ ընթացքով մխրճվել է մայթեզրին կանգառած «Սկանիա» ավտոգնացին: Ավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ վնասվել է, իսկ ավտոգնացի երկաթյա ձողերը մխրճվել են վարորդների խցիկի մեջ, որտեղ գտնվում էին ավտոբուսի երկու վարորդները:

Նախնական տվյալներով, ավտոբուսն արգելակման ուղի չի ունեցել: Որոշ փորձագետներ հակված են այն վարկածին, որ վարորդը կարող էր քնած լինել ղեկին: Վթարի վայրում ապակու բեկորներ են, ավտոբուսը լուրջ վնասված է, ասֆալտին արյան հետքեր են և ուղևորների իրերը: Վնասվել են նաև ավտոգնացի վրա գտնվող մեքենաները: