Բավ է պառակտվել
03-03-2017 10:57

ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվը՝ ԱԺ ընտրություններին

ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրողների ռեգիստրում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը. Այդ մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն, Ազգային ժողովի ընտրություններից 30 օր առաջ, ոստիկանությունը հրապարակում է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի(ընտրությունների օրը) ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Այդպիսով, մարտի 3-ի դրությամբ ՀՀ ընտրական ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 564 734:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն ըստ գտնվելու վայրի ընտրողներ և հաշվառում չունեցող ընտրողներ չկան:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 2986,5 հազ. մարդ:
Հայաստանում Խորհրդարանական ընտրությունները կանցնեն ապրիլի 2-ին: Դրանք կլինեն 2015թ. Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո Հանրապետությունում տեղի ունեցող առաջին համապետական ընտրությունները: Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումները նախատեսում են անցում Խորհրդարանական կառավարման՝ 2018թ. գործող նախագահի իրավասությունների ավարտից հետո:
Ընտրություններին մասնակցելու են ինը քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: