Բավ է պառակտվել
30-07-2016 16:47

Ոստիկանության հայտարարությունը. Պարբերաբար առաջանում են անկանխատեսելի հետեւանքներով լի իրավիճակներ

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով երեկ՝ հուլիսի 29-ին կատարված իրադարձությունները:

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հուլիսի 29-ի երեկոյան, Ազատության հրապարակում սկսված հանրահավաքի կազմակերպիչները որոշել են իրականացնել երթ՝ Թումանյան-Աբովյան-Պուշկին-Վարդանանց-Նար-Դոս-Խորենացի փողոցներով: Սակայն երթի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, շեղվելով նախապես հայտնած երթուղուց, Նար-Դոս եւ Աղյուսագործների փողոցների խաչմերուկում ճեղքել են ոստիկանական պատնեշը, շարժվել Սարի Թաղի 3-րդ շարք փողոցով եւ բաժանվել երկու մասի: Գլինկայի փողոցի վերջնամասում ցուցարարներին ղեկավարել են Անդրեաս Ղուկասյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, իսկ նախկին սուր վարակիչ հիվանդանոցի մոտ՝ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Լեւոն Բարսեղյանը: Երթը փաստացի ղեկավարող անձինք սկզբում հայտարարել են, որ ցանկանում են մտնել ՊՊԾ գնդի տարածք, իսկ հետագայում փորձել են ճեղքել անվտանգության գոտին պահպանող ոստիկանական արգելապատնեշը: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են արձակվել Սարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վնասվածք է ստացել ոստիկանության զորքերի զինծառայող, ինչպես նաեւ վնասվել են տրանսպորտային միջոցներ:

Ոստիկանությունը բանակցություններ է վարել հավաքի փաստացի ղեկավարների հետ, մի քանի անգամ հորդորել է դադարեցնել բռնի գործողությունները եւ լքել նշված տարածքը՝ դրա համար տալով խելամիտ ժամանակ, սակայն հավաքի մասնակիցներն անտեսել են ոստիկանության պահանջները: Ավելին, իրենց սկզբական նպատակին հասնելու համար նրանք ձեռնարկել են նախահարձակ եւ սադրիչ նոր գործողություններ:Գնահատելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հավաքի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների կյանքին եւ առողջությանը սպառնացող անմիջական վտանգի առկայությունը, ինչպես նաեւ հավաքի մասնակիցների կողմից ՊՊԾ գնդի տարածք ներխուժելու եւ այնտեղ գտնվող մեծ քանակի զենքին ու զինամթերքին տիրանալու իրական հնարավորությունը, ոստիկանությունն անկարգությունները կանխելու նպատակով ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ: Ընդ որում՝ գործողությունը սկսելուց առաջ հավաքի մասնակիցները նախազգուշացվել են դրա մասին, իսկ տեղում աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արվել պահպանել անվտանգ միջնատարածք:

Իրավիճակից բխող անհրաժեշտ եւ հավաքի մասնակիցների վարքագծին համարժեք գործողությունների իրականացման ընթացքում տեղի են ունեցել բախումներ, որոնց հետեւանքով, ցավոք, վնասվածքներ են ստացել թե՜ ոստիկաններ, թե՜ հավաքի մասնակիցներ, եւ թե՜ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Գործողության իրականացման ընթացքում հավաքի մասնակիցների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ թույլ տրված ենթադրյալ խախտումներին վերաբերող ահազանգերի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

ՀՀ ոստիկանությունը կրկին փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում եւ դրան հարող տարածքում զինված խմբի հանցավոր գործողությունների եւ անօրինական հավաքների կազմակերպման հետեւանքով պարբերաբար առաջանում են անկանխատեսելի հետեւանքներով լի իրավիճակներ: Ուստի, հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, ինչպես նաեւ նոր հանցանքների կատարումը հնարավոր է կանխել միայն հավաքն այլ վայր տեղափոխելու միջոցով:

Ոստիկանությունը, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, մեկ անգամ եւս կոչ է անում՝ զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի եւ իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ:

Միաժամանակ զգուշացնում ենք, որ այս պահանջներին չենթարկվելու եւ նոր իրավախախտումներ կատարելու դեպքում կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված թույլատրելի եւ համարժեք բոլոր միջոցները»,- ասվում է հայտարարության մեջ: