Բավ է պառակտվել
01-12-2015 13:01

Ոստիկանությունը թույլ չի տա որևէ անօրինական գործողություն. Հ.Պողոսյան

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով քաղաքացիական անհնազանդության կոչերին, երեքշաբթի օրվանից սկսվող հանրահավաքներին, հայտարարել է, որ ոստիկանությունը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման: Նախօրեին, հաղորդվել էր, որ ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժումը մտադիր է վրաններ տեղադրել Ազատության հրապարակում։ Մի շարք ընդդիմադիր գործիչների միավորող «Նոր Հայաստան» շարժումը մտադիր է ձախողել դեկտեմբերի 6–ին ծրագրված սահմանադրական հանրաքվեի անցկացումը։ Երեքշաբթի օրվանից շարժումը ծրագրում է բողոքի շուրջօրյա ակցիաների անցկացում` իրազեկում ներկայացնելով Երևանի քաղաքապետարանին: «Առաջին անգամ չէ, որ այդ կոչերը հնչում են: Վերջին շրջանում դրանք ավելի ինտենսիվ են դարձել և հնչում են անհասկանալի նրբերանգներով»,-ասել է Պողոսյանը: Հունան Պողոսյանը հնչող այդ կոչերը համարում է ընդամենը խոսքեր: «Ոստիկանությունը տիրապետում է ամեն ինչին, և այսօր էլ համակարգող խմբի անդամ Անդրեաս Ղուկասյանը նամակ էր հղել մեզ՝ հանդիպման ակնկալիքով: Ոստիկանությունը ընդունեց նրանց հրավերը և հրավիրեց ոստիկանություն, բայց նրանք հրաժարվեցին: Ոստիկանության գործողությունը համահունչ է լինելու օրենքի տառին և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման: Կոչ կանեի իրենց հետևել օրենքի տառին և գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ մանավանդ մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք խուսափում են պատասխանատվությունից»,- ասել է Հունան Պողոսյանը: