Բավ է պառակտվել
05-11-2014 11:39

Բացահայտվել է բանկոմատից գողության փորձ կատարած անձի ինքնությունը

«Ամերիաբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներւմ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե վերջինս, տեսնելով ԶԼՄ-ների միջոցով ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունն ու իր լուսանկարը, ինքնակամ ներկայացել է եւ տվել խոստովանական ցուցմունք:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 19:10-ից մինչեւ սեպտեմբերի 29-ը՝ ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել է բացել Երեւան քաղաքի Վ.Սարգսյանի եւ Դեղատան փողոցների խաչմերուկում գործող, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը պատանող, պահեստարան հանդիսացող բանկոմատի դուռը: Սակայն չկարողանալով բացել՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից ստացված գրության համաձայն՝ դեպքի ժամանակ հիշյալ բանկոմատում առկա է եղել 20.314.000 ՀՀ դրամ։

Ստացվել եւ հետազոտվել են նշված բանկոմատի վրա առկա տեսանկարահանող սարքերի՝ դեպքի տեսաձայնագրությունները, որոնցից փորձաքննությամբ առանձնացվել են առերեւույթ հանցագործություն կատարած անձի լուսանկարները եւ տարածվել ԶԼՄ-ներով` խնդրելով լուսանկարում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցող անձանց այդ մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Լուսանկարում պատկերված անձը նոյեմբերի 3-ին ինքնակամ ներկայացել է եւ եւ հայտարարել, որ Երեւան քաղաքի Վ.Սարգսյան եւ Դեղատան փողոցների խաչմերուկում գտնվող` «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատից գողության փորձը կատարել է ինքը եւ, ինտերնետային կայքերում տեսնելով հիշյալ դեպքի տեսագրությունը, որոշել է ինքնակամ ներկայանալ:

Անձը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նկատի ունենալով, որ կասկածյալը պայմանագրային զինծառայող է՝ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։