12-09-2015 10:07

Ոստիկանությունը բացել է Բաղրամյանը, քանի որ այլ կերպ հնարավոր չէր

2015 թ. սեպտեմբերի 11-ին Երևանի «Ազատության» հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ 08.09.2015թ. որոշմամբ սահմանված երթուղին, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային երթևեկությունը: Ավելին, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, անտեսելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածն ազատելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումները, մի քանի ժամ շարունակել են արգելափակված պահել մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը: Սեպտեմբերի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով, մասնավորապես, փաստել է հետևյալը.  1/ դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև պողոտայի երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ այդ գործողություններն իրականացվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ իրազեկմամբ անցկացվող հավաքներին վերաբերող պահանջների խախտմամբ («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ մաս). 2/Բաղրամյան պողոտայում կազմակերպված հավաքն ինքնաբուխ չէ, քանի որ լիազոր մարմինն ունեցել է բավարար տվյալներ՝ դրա վաղօրոք կազմակերպված լինելու վերաբերյալ («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածի 1-ին մաս). 3/ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը բացարձակ բնույթ չունի և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել այլ անձանց սահմանադրական իրավունքների, հանրության շահերի պաշտպանության համար՝ դրանց անհամաչափ սահմանափակումը կանխելու նպատակով (ՀՀ Սահմանադրության 43 հոդված և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5 հոդված): Հետևաբար, իրավական հիմքերից զուրկ են պարբերաբար տարածվող այն պնդումները, թե իբր խաղաղ հավաքն ունի բացարձակ բնույթ և երբևիցե չի կարող արգելվել կամ դադարեցվել: Նույն հայտարարությամբ ՀՀ ոստիկանությունը նշել է, որ չնայած իրականացված գործողությունների անօրինական բնույթին, կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար և անօրինական հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին 6 (վեց) ժամ ժամանակ է տրամադրել՝ իրենց պահանջը հնչեցնելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար: Նշված ժամկետի ավարտից հետո, 2015թ. սեպտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 05.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, լիազոր մարմնի պահանջները հավաքի մասնակիցներին փոխանցելու նպատակով դիմել է հավաքի կազմակերպիչներին, սակայն վերջիններս ՀՀ ոստիկանության համապատասխան գործողություններին չեն արձագանքել: Այնուհետև ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարությամբ դիմել է հավաքի մասնակիցներին՝ պահանջելով 30 րոպեի ընթացքում կամովին վերացնել Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը, քանի որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը: ՀՀ ոստիկանությունն առաջարկել է հավաքը շարունակել Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում կամ այն տեղափոխել «Ազատության» հրապարակ, ինչպես նաև նախազգուշացրել է, որ ներկայացված պահանջը նշված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում ոստիկանությունը ստիպված է լինելու Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը վերացնել հարկադրաբար՝ իրեն օրենքով վերապահված լիազորությունների գործադրման միջոցով: Հավաքի մասնակիցներն անտեսել են ՀՀ ոստիկանության նաև այս պահանջը, և սահմանված ժամկետը լրանալուց հետո ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը: Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ: Ժամը 06.00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի բնականոն երթևեկությունն ամբողջությամբ վերականգնված է եղել: