22-08-2016 13:41

Հիմնավորվել է, որ ոստիկանները Բաղրամյան պողոտայում խոչընդոտել են լրագրողների աշխատանքին. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով գույքային վնաս, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Կոստան Բուդաղյանը, նրա ծառայակիցներ Տաճատ Նորատունկյանը և Արթուր Այվազյանը, հիշյալ օրը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը: