Բավ է պառակտվել
11-02-2016 10:35

Ստամբուլում հայ զույգին թալանելու ու ամուսնուն սպանելու մեջ կասկածվողները հայեր են

Ստամբուլի Շիշլի թաղամասում անցյալ շաբաթ տարեց հայ զույգի կողոպտած, կապկպելով 85-ամյա Հակոբ Դեմիրջիին սպանած, նրա կնոջը՝ Սեդա Դեմիրջիին ծանր վիրավորում հասցրած հանցավոր խմբավորման անդամները հայեր են: Հայ ամուսինների տնից 1 մլն թուրքական լիրա արժողությամբ զարդեր և գումար հափշտակած խումբը ձերբակալվել է Տրապիզոնում՝ հանցագործությունից 4 օր անց։ 
Պարզվել է, որ նրանք մտադրվել են Վրաստանի տարածքով փախչել Հայաստան։ 
Տրապիզոնում նրանց վարձակալած տանը հայտնաբերվել է Հակոբ Դեմիրջիին պատկանող ձեռքի ժամացույցն ու 10 հազար դոլար։ Ըստ նախնական վարկածի՝ կողոպուտի նախաձեռնողը եղել է Դեմիրջիների տանն աշխատող հայ կինը։ Նա զանգահարել է Հայաստանում գտնվող իր ազգականներին ու կանչել՝ նշելով, որ «այդ զույգը շատ փող ունի»։ Հենց նա էլ հանցագործների առաջ բացել է դուռը։ Ձերբակալված կասկածյալներից 5-ը կանայք են՝ հիմնականում ՀՀ քաղաքացիներ։ Կասկածյալներն են՝ Արթուր Ա., Սերգեյ Մ., Արամ Հ., Մարիաննա Ե., Քրիստինե Մ., ինչպես նաև ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ Լիդա Բ., Նարգիզ Մ., Արմինե Մ.։ Նրանք տեղափոխվել են Ստամբուլ։ Սպանված Հակոբ Դեմիրջիի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ։  Հիշեցնենք, որ դեպքի մասին առաջինն ահազանգել է նրանց տան աշխատողը, ով գնացել է զույգի տուն, սակայն դուռը բացող չի եղել: Նա դիմել է տարեց զույգի ազգականներին, որոնք էլ զանգահարել են, ու, պատասխան չստանալով, դիմել են ոստիկանություն: Ոստիկաններն ու փրկարարները երրորդ հարկի պատուհանից մտել են տուն ու զույգին գտել են կապկպված բերաններով: Փրկարարները տեսել են, որ 79-ամյա կինը ողջ է և տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդն արդեն մահացած է եղել: