21-03-2017 14:05

Վերջին 13 տարում Հայաստանում հատվել է մոտ 32 հազ. հա անտառ. «Հայանտառ»

2004 թվականից Հայաստանում հատվել է մոտ 31,7 հազ. հա անտառ, այս մասին հայտնել է « Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանը:
Երեքշաբթի օրը կայացած ասուլիսին նա նշել է, որ 2004 թվականից Հայաստանում օրինական հիմքով հատվել է մոտ 490 հազ. խորանարդ մետր անտառ, դրա հետ մեկտեղ իրացվել է ավելի քան 1 մլն. խմ փայտանյութ:
«Global Forest Watch պորտալն իրականացնում է տարբեր երկրների անտառների վիճակի վերաբերյալ մոնիտորինգ, և նրա տվյալների համաձայն Հայաստանում 2010թ.-ից մինչ օրս հատվել է մոտ 722 հա. անտառ: Դրա հետ մեկտեղ հարևան Վրաստանում հատվել է ավելի քան 4 հազ. հա: Հարևան երկրների հետ համեմատությամբ Հայաստանի ցուցանիշները ավելի դրական երանգ ունեն»,- ընդգծել է Պետրոսյանը:
Նա նաև նշել է, որ տոկոսային համարժեքով Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է ողջ անտառային ծածկույթի 0,01%-ը, իսկ հարևան երկրներում այդ թիվը հասնում է 0,2-0,3%-ի:
« Ես չեմ ասում, որ մեր երկրում իրավիճակը լավն է: Աշխարհով մեկ տարեկան կորցնում են մոտ 13 մլն. հա անտառներ»,- ընդգծել է Պետրոսյանը: Անդրադառնալով ապօրինի անտառահատմանը, նա նշել է, որ դա միշտ էլ խնդիր է եղել և մնում Հայաստանի համար: « Եթե 2004 թ. հատվել էր 32 հազ. ծառ, ապա վերջին տարում այդ թիվը կազմում է 1107 : Ծառերի հատման տենդենցը դեպի նվազում է գնում:
Դրա հետ մեկտեղ անտառների մասնագետ Սիրանուշ Գալստյանը հավելել է, որ Հայաստանում գոյություն ունի չհայտարարագրված փայտանյութի խնդիր:
« Որոշ գնահատականների համաձայն փայտի օգտագործումը տարեկան հասնում է մի քանի հարյուր խորանարդ մետրի, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Այդ թիվը շատ ավելի բարձր է, քան օրինական անտառահատման ծավալը»,- ընդգծել է Գալստյանը:
Նրա խոսքերով հարկավոր է այնպիսի օրենք ընդունել, որը կկարգավորի անտառների հատման թույլատրելի ծավալը:
«Դրա համար հարկավոր է անտառների գույքագրում իրականացնել, ինչպես նաև որոշել այն թույլատրելի տարածքները, որտեղ կարելի է անտառահատում իրականացնել: Հաջորդ որոշումը կայանում է փայտի օգտագործման էֆեկտիվության մեջ: Մեր համայնքներում հիմնականում օգտագործվում են ավանդական վառարաններ, որոնց արդյունավետությունը շատ ցածր է»,- ասել է Գալստյանը:
Նա նաև ընդգծել է փայտի ճիշտ չորացման պրոցեսի կարևորությունը, ինչը թույլ կտա կրճատել դրանց պահանջարկը: « Կարևոր է նաև այլ, վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառումը: Հարկավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան օգտագործել արևային էներգիան»,- նշել է նա:
«WWF- Հայաստան» հիմնադրամի անտառային ծրագրերի կոորդինատոր Արթուր Ալավերդյանն էլ իր հերթին ավելացրել է, որ WWF-ը Հայաստանում անտառների պահպանության հարցում հետևողական աշխատանք է տանում:
« Վերջին 7-8 տարիներին մենք իրականացրել ենք անտառային համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր: Այդ ծրագրերից մեկը՝ անտառային լանդշաֆտների վերականգնման օգնությամբ կլիմայական փոփոխության ազդեցության մեղմումն էր: Ծրագիրն իրականացվում էր 2008- 2011թթ. , դրա շրջանակներում մեզ հաջողվեց վերականգնել ավելի քան 630 հա. անտառային տարածք, տնկվեց մոտ 2,2 մլն. ծառ»,- ասաց Ալավերդյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում առկա խնդիրներից մեկը անտառների վերափոխման հարցն է:
« Այդ ուղղությամբ 2011- 2015 թթ. մենք իրականացրել ենք ծրագիր, որի շրջանակներում Լոռիում և Տավուշում տրանսֆորմացվել է ավելի քան 150 հա. անտառային տարածք: Բացի այդ մենք ծրագիր ենք իրականացրել Թռչկանի շրջանում՝ վերականգնելով մոտ 70 հա. անտառ: Ընդհանուր առմամբ 850 հա. տարածքում իրականացվել են անտառների վերականգնման և տնկման աշխատանքներ, տնկվել է մոտ 2,5 մլն ծառ: Այս ծրագրերով Հայաստանի տարբեր համայնքներում ստեղծվել է մոտ հազար աշխատատեղ»,- նշել է Ալավերդյանը:
Մարտի 21-ին ողջ աշխարհում նշվում է անտառների Միջազգային օրը, կամ Անտառների պաշտպանության համաշխարհային օրը, որը հիմնադրվել է 1971թ. և այդ ժամանակվանից նշվում է ամեն տարի:
Տվյալ օրվա հիմնադրման նախաձեռնողը Գյուղատնտեսության եվրոպական կոնֆեդերացիան էր՝1971թ. 23-րդ Գլխավոր Ասամբլեային: Եվ այդ գաղափարը աջակցություն գտավ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից: